Անձնագրերում քվեարկությունից հետո ընտրական հանձնաժողովների կողմից դրված դրոշմակնիքներն անհետանում են նախատեսված ժամանակից շուտ: Այդ մասին լրագրողնրին ահազանգեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Այդ կնիքները մասսայականորեն անհետանում են: Ես էլ առավոտյան քվեարկել եմ, արագ անհետացել է, մինչդեռ պետք է մնա 12 ժամ»,- ասաց Մուսինյանը:
Հայ ազգային կոնգրեսից հայտնեցին, որ քաղաքացիներն ահազանգում են, թե որոշ տեղամասերում քվեարկությունից հետո անձնագրում հայտնված կնիքի դրոշմը մաքրվել է 15 րոպե անց արդեն: Մինչդեռ թանաքը պետք է օքսիդանար 12 ժամից:
Ահազանգեր են եղել Գյումրիից, Վանաձորից, Երեւանից, Մեղրիից, Հրազադանից:
Խնդրի մասին ահազանգում են նաեւ որոշ դիտորդներ:
Հայաստանում տեղական ժամանակով ժամը 08.00-ին սկսվել է 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը:
Խորհրդարանը ձեւավորվում է ընտրական խառը համակարգով` 90 մանդատ համամասնական, 41-ը` մեծամասնական կարգով:
Այս խորհրդարանական ընտրություններին քաղաքական 8 կուսակցություններ են մասնակցում` Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունները եւ մեկ բլոկ` Հայ ազգային կոնգրեսը:




























