Թիվ 26 ընտրատարածքում` Հրազդանում գունավոր գրիչներ գրիչներ բաժանելու վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության հայտարարության առիթով ոստիկանությունը ստուգումներ է կատարել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ստուգումների արդյունքում պարզվել է, որ դա չի համապատասխանում իրականությանը:
Իրավապահները առավել հստակ տեղեկատվության տիրապետելու դեպքում խնդրում են դիմել ոստիկանություն:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունից ահազանգել էին, թե Հրազդանում ընտրողներին գունավոր գրիչներ են բաժանում: Շտաբը տեղեկություններ էր ստացել այն մասին, որ թիվ 26 ընտրատարածքում` Հրազդանում, որոշ մարդիկ ընտրողներին գունավոր գրիչներ են բաժանում` նրանց քվեարկությունը վերահսկելու համար:
Թիվ 26 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված են պատգամավորի թեկնածուներ անկուսակցական Խաչիկ Վանուշի Ավետիսյանը, Լեւիկ Մանուկի Խաչատրյանը (ՀԱԿ), Տիգրան Նապոլեոնի Ղալեչյանը (ՕԵԿ), Մելիք Սարիբեկի Մանուկյանը (ԲՀԿ):
Հայաստանում ընթանում է 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը:




























