Ընտրության օրը ՝ մայիսի 6-ին ժամը  07:30 մինչեւ 10-ը ընտրատեղամասերում իրականացվել է նախապես մշակված օպերացիա. ընտրատեղամասեր են բերվել մարդիկ, ովքեր քվեարկել են եւ նրանց անձնագրերում դրոշմակնիքները անհետացել են, իսկ դա նշանակում է, որ  կրկնակի քվեարկությունների լուրջ վտանգ կա։ Այդ մասին այսօր՝ մայիսի 6-ին, խորհրդարանական ընտրությունների վերահսկման միասնական շտաբի նիստին հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանն ասաց, որ այդ մասին տեղեկացվել է ԿԸՀ-ն եւ միջազգային դիտորդական կազմակերպությունները։ «Խնդիր է դրվել փոխել թանաքը, բայց երկու ժամվա ընթացքում բազմաթիվ մարդիկ քվեարկել են, եւ եթե իրենց անձնագրերում այդ կնիքները չկան, ապա դա նշանակում է կրկնակի քվեարկությունների լուրջ վտանգ կա»։

Հովհաննիսյանն ասաց, որ ընտրությունից մեկ  երկու օր առաջ մեծամասնական ընտրակարգով առաջադրված որոշ թեկնածուներ, կամ նրանց սատարող գործատուները հրավիրել են հաստատությունների աշխատակիցներին եւ հորդորել նրանց վաղ առավոտյան գնալ քվեարկության։

Այս ամենը հաշվի առնելով, ըստ Հովհաննիսյանի,  վստահված անձինք, հանձնաժողովի անդամներն արձանագրում եւ տեղում բողոքարկում են  արձանագրված ընտրախախտումները, կազմվում են արձանագրություններ։

Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ Զոլաքար գյուղի ընտրատեղամասում  ջարդել են տեսախցիկները, ծեծի են ենթարկվել վստահված անձանց, Մարտունիում կիրառվել է կառուսելի սկզբունքը, նույնը տեղի է ունեցել  Ծովինար գյողում։ 

Եղվարդի 26 /06 ընտրատեղամասում քվեարկողներին բաժանել են գունավոր գրիչներ, իսկ դա, Հովհաննիսյանի խոսքով, ճնշման միջոց է, ընտրողին ահաբեկելու միջոց։ «Թեեւ այս պարագայում  այդ գրիչներով քվեարկության վերահսկման մեխանիզմներն այդքան էլ միանշանակ չեն, միեւնույն է ընտրողներն ահաբեկվում են, եւ այստեղ սկսում է գործել ընտրողին ուղղորդելու մեթոդը»,- ամփոփեց նա։