Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է, որ Իրանն իրականում կանտեսի ձեռք բերված պայմանավորվածությունները և չի գնա միջուկային ոլորտում խոստացված զիջումներին։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ըստ այդ տվյալների՝ ԿՀՎ տնօրենը Թրամփին և վարչակազմի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներին հայտնել է, որ ամերիկյան հետախուզական ծառայությունների հավաքագրած օպերատիվ տվյալները լուրջ կասկածներ են հարուցում առ այն, որ Թեհրանը պատրաստ է կատարել իր միջուկային ծրագրի վերաբերյալ պարտավորությունները, որոնց Վաշինգտոնը ձգտում է հասնել վերջնական համաձայնագրի շրջանակում։

«Հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Իրանի մտադրությունները չեն համապատասխանում գործարքով ստանձնած նրանց պարտավորություններին», - նշել է աղբյուրներից մեկը։

Նա հավելել է, որ անցած կիրակի հուշագրի վերջնական համաձայնեցման մասին հայտարարությունից առաջ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ Թրամփն ու իր թիմը քննարկել են ամերիկյան մի քանի հետախուզական գործակալությունների հավաքած տվյալները։ Դրանք փաստում են, որ իրանցի պաշտոնյաների ներքին քննարկումները բոլորովին չեն համապատասխանել այն ամենին, ինչ նրանք ասել են միջնորդներին և ԱՄՆ-ին։

Աղբյուրները նաև հայտնել են, որ այդ ներքին քննարկումների ընթացքում պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մտահոգություն են հայտնել ու կասկածի տակ դրել փոխըմբռնման հուշագիրը, մինչդեռ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները կողմ են արտահայտվել դրա ընդունմանը։

Axios-ը հաղորդում է, որ Վենսը, Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են հունիսի 19-ին (ուրբաթ օրը) հանդիպել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի և արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ և քննարկեն փոխըմբռնման հուշագրին համապատասխան խաղաղության համաձայնագրի մշակման հաջորդ փուլերը քննարկելու համար։