Հայաստանի խորհրդարանական ընտրություններին անդրադարձել են նաեւ թուրքական լրատվամիջոցները, որոնց թղթակիցներից մի քանիսը Երեւանում հետեւում են ընտրությունների ընթացքին:
Թուրքական Cumhuriyet-ի թղթակիցը գրում է, թե սպասվում է, որ այս ընտրություններում հաղթող է դառնալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որին կհետեւի բազկամարտի նախկին չեմպիոն, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
«Հայաստանի ընդդիմության ամենամեծ անհանգստությունը կապված է ընտրողների թվի հետ: Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժը` Հայ ազգային կոնգրեսը մտնելու է խորհրդարան: Սպասվում է, որ խորհրդարան է անցնելու նաեւ Դաշնակցությունը»,-նշում է Cumhuriyet-ը`հավելելով, որ Հայաստանի ընտրությունների արդյունքներում անակնկալներ չեն սպասվում:
Թուրքական Haberturk-ն իր ընթերցողներին հիշեցնում է, որ Հայաստանում 2009-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմությունը փողոց էր դուրս եկել`պնդելով, որ ընտրությունները կեղծվել են:
«Ոստիկանությունը խիստ միջոցների էր դիմել, որի հետեւանքով 10 հոգի մահացել էր: Այդ պատճառով այսօրվա ընտրությունները Հայաստանի համար ժողովրդավարության քննության նշանակություն ունեն»,-նշում է Haberturk-ը:
Թուրքական CNNturk-ը նշում է, թե Հայաստանում այս ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշ է սպասվում` շեշտելով, թե կանխատեսվում է, որ առաջին երկու տեղերը զբաղեցնելու են նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած «Հանրապետական» եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:



























