Հայաստանում 51 ստացիոնար բուժական հաստատություններում իրականացվել է շրջիկ արկղերով քվեարկություն եւ այդկերպ ընտրություններին մասնակցել է 1013 քաղաքացի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
Նրա փոխանցմամբ` ցուցակում ընդգրկված են եղել 1991 քաղաքացիներ, որոնցից նախնական տվյալներով 1013-ն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Շրջիկ արկղերը շրջել են հիվանդանոցներում, որտեղ օրենքի ուժով ապահովվել է ընտրության գաղտիության իրավունքով: Բուժհաստատություններն ապահովել են լրատվամիջոցների, դիտորդների եւ վստահված անձանց ներկայությունը:
«Ընտրական գործընթացը բուժհաստատություններում սկսվել է առավոտյան 08:00-ից, շրջիկ արկղերը շրջել են հիվանդանոցներում, որտեղ օրենքի ուժով ապահովվել է ընտրության գաղտիության իրավունքով: Ընտրությունը կատարվել է մինչեւ 18:00-ը»,- նշել է նա:
Նշենք, որ մայիսի 4-ին, Հանրապետության հրապարակում, ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունից հետո հիվանդանոց տեղափոխվածների մեծ մասը հնարավորություն չի ունեցել մասնակցել ընտրություններին, քանի որ լրացուցիչ ցուցակներն արդեն պատրաստ են եղել:




























