Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 110 դպրոցում տեղակայված 11/27 եւ 11/28 ընտրատեղամասերում ոստիկանին ծեծի ենթարկած անհայտ անձը բացահայտվել է եւ բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Այդ անձը, նրա խոսքով, ընտրատարածքի ընտրող է, ով գնացել է եւ իրեն ոչ վայել է պահել, նրան փորձել են կարգի հրավիրել, սակայն կյանքի համար ոչ վտանգավոր ուժ է գործադրել ոստիկանների նկատմամբ: Ինչ վերաբերում է նրա կուսակցական պատկանելիությանը, ապա այդ մասին տեղեկություններ Սոնա Տռուզյանը չուներ:
Նշենք, որ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին կետի հատկանիշներով, այն է` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ թեկնածու Արշակ Բանուչյանի ընտրական շտաբի լրատվական կենտրոնը հայտնել է, որ անհայտ անձը տեղամասի մոտ նրան ծեծի է ենթարկել, ինչի արդյունքում՝ պատռվել է ոստիկանի շրթունքն ու արնահոսել է: «Ըստ տեղամասի մոտ հավաքված քաղաքացիների՝ ոստիկանին հարվածողը եղել է ՀՀԿ նախընտրական ենթաշտաբի անդամներից: Փաստորեն, թաղային կրիմինալը հանուն ընտրակեղծիքների, արդեն սկսել է բռնությունները ոստիկանության աշխատակիցների նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ի դեպ, թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են Արշակ Բանուչյանը, ՕԵԿ անդամ Հեղինե Բիշարյանն ու անկուսակցական Գրիգորի Մարգարյանը` ԲՀԿ-ից:



























