Երկրապահ կամավորականների միության ղեկավար, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրապահի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Երկրապահի օրվա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման 20-րդ, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձերի, ինչպես նաեւ մայիսյան բոլոր տոների կապակցությամբ` Երկրապահ Կամավորականների միության անունից  շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, Արցախի հերոսական ժողովրդին, սահմանում կանգնած հայ զինվորին, արցախյան պատերազմի բոլոր մասնակիցներին, 5-րդ բրիգադի մարտիկներին, հերոս զավակներ ծնած հերոս մայրերին, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, երիտասարդ ու պատանի երկրապահներին:

Երկրապահի օրը հայ ժողովրդի տոնացույցի ամենահպարտ օրն է: Այսօր մենք մեծարում ենք հայի ուժեղ, մարտնչող տեսակին, իր արժանապատվությունը, ընտանիքը, հայրենիքը ազատագրող ու պաշտպանող տեսակին:

Երկրապահը եղել է, կա ու կմնա անկախ Արցախի հանրապետության եւ նրա հերոսական ժողովրդի կողքին:

Հայ ժողովուրդը միշտ էլ իր զավակների կյանքի ու արյան գնով պահպանել է իր արժանապատվությունը:

Մենք պարտավոր ենք ամեն գնով պահպանել այն, ինչ ձեռք է բերվել մեր հերոս տղաների կյանքի ու արյան գնով:

Հայաստանի անկախ Հանրապետությունն արդեն թեւակոխում է իր գոյության երրորդ տասնամյակը: Բազում խնդիրներ արդեն լուծվել են եւ առջեւում էլ կան խնդիրներ, որոնք անպայման կլուծվեն մեր բոլորիս ջանքերի ու միասնության շնորհիվ:

ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանը ասում էր. «Միասնականությունը սարեր շուռ կտա»: Մեր ժողովրդի բոլոր հաղթանակները միասնականության արդյունք են:  Եթե մենք միասնական լինենք, օտարը չի կարող մեր հետ հաշվի չնստել:

Հավատանք ինքներս մեզ, մեր նոր սերնդին, մեր երիտասարդ եւ պատանի երկրապահներին: Կարեւորը ունենալը չի, կարեւորը եղածը պահպանելն ու այն եկող սերունդներին հանձնելն է:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ողջ հայությանը` Երկրապահի օրվա եւ մայիսյան բոլոր տոների առթիվ, մաղթում խաղաղություն եւ միասնականություն:

Փառք Սպարապետին

Փառք նահատակված հերոսներին

Փառք Ձեզ սիրելի երկրապահ ժողովուրդ»:

Նշենք, որ Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին` կապված 1992-ին Շուշիի ազատագրման օրվա հետ: