Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթը խոստովանել է, որ Իսրայելը «հակակառավարական բողոքի ցուցարարներին օգնելու համար» Իրան է տեղափոխել Starlink արբանյակային ինտերնետի ընդունիչներ, սակայն, նրա խոսքով, վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունն այդ ծրագրերը մինչև վերջ չի հասցրել, հաղորդում է The Times of Israel-ը։

Բենեթը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2021-2022 թվականներին, Երուսաղեմում անցկացված JNS միջազգային քաղաքական գագաթնաժողովում հայտարարել է, որ ինքն նախաձեռնել է «Իրան տասնյակ հազարավոր Starlink ընդունիչների ձեռքբերման և տեղափոխման գործընթացը, որոնք հնարավորություն կտային ապահովել անխափան հասանելիություն դեպի ինտերնետ և սոցիալական ցանցեր»։

Իլոն Մասկի SpaceX ընկերությանը պատկանող Starlink-ը տրամադրում է արբանյակային ինտերնետ։ Իրանն ավելի վաղ մեղադրել էր Իսրայելին և ԱՄՆ-ին երկրի անվտանգությունը խաթարելու նպատակով նման սարքերի մաքսանենգ մատակարարման մեջ։ Starlink-ն Իրանում աշխատելու արտոնագիր չունի, սակայն Իլոն Մասկը ավելի վաղ հայտարարել էր, որ ծառայությունն այնտեղ ակտիվ է։

Ըստ Բենեթի՝ սարքերը նախատեսված էին նրա համար, որպեսզի ցուցարարները կարողանային համակարգել իրենց գործողությունները և ի վերջո տապալել իրանական կառավարությունը։

«Ցավոք, Իսրայելի ներկայիս անկարող կառավարությունը դադարեցրեց այդ գործողությունները,- ասել է նա։- Եվ երբ սկսվեցին բողոքի ցույցերը, այդ ենթակառուցվածքն արդեն չկար»։

Ավելի վաղ՝ այս ամսում, Բենեթը The Times of Israel-ին հայտնել էր, թե ինքը «պնդում էր, որ, ցավոք, հաջորդ կառավարությունը չիրականացրեց դեպի Իրան տասնյակ հազարավոր Starlink ընդունիչների մաքսանենգության ծրագիրը, որպեսզի հաջորդ ապստամբության ժամանակ վարչակարգը չկարողանա անջատել ինտերնետը։ Դա չարվեց»։