Պերմի «Կաղ ձի» ակումբում բռնկված հրդեհի արդյունքում դեկտեմբերի 11-ի տվյալներով մահացել է 141 մարդ: «Интерфакс»-ի հաղորդմամբ այսօր Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցներում մահացել է հրդեհից տուժած եւս երկու հոգի:
Զոհերից մեկը 33 ամյա Եվգենիա Ֆետկուլովան ակումբի գեղարվեստական տնօրեն Օլեգ Ֆետկուլովի կինն է եղել։ Օլեգը ազատազրկման մեջ է՝ անվտանգության պայմանները խախտելու համար:
Երկրորդ մահացողը 27 ամյա Արթուր Սադիխովն է, ում վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր:
«Вести»-ի հաղորդմամբ, այսօր Պերմի շրջանի հրշեջ վերահսկողության գլխավոր տեսուչ Վլադիմիր Մուխտունինովի եւ Լենինսկի թաղամասի իններորդ բաժանմունքի հրշեջ վերահսկողության տեսուչ Նատալյա Պրոկոպեւի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի դաշնության քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հետաքննության արդյունքում պարզ է դարձել, որ նրանք չեն կատարել իրենց պարտականությունները եւ ճիշտ ժամանակին չեն հայտնաբերել ակումբում հրշեջ անվտանգության կոպիտ բացթողումները:
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, հրդեհի արդյունքում զոհվածների եւ տուժածների հարազատներին փոխհատուցելու համար 6,5 միլիոն ռուբլի է նախատեսվել:




























