ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Օվալաձև աշխատասենյակում հանդես գալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ, հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի ընթացքում դաշնակիցների աջակցության կարիքը չի ունեցել, սակայն ափսոսանք է հայտնել մի շարք եվրոպական երկրների կողմից քաղաքական և ռազմական աջակցության բացակայության համար։

«Մեզ այդ հարցում ընդհանրապես օգնություն պետք չէր»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ավելի լավ կլիներ, եթե եվրոպական երկրները հայտարարեին. «Մենք ուզում ենք օգնել»։

Միաժամանակ, նա ընդգծել է, որ «հուսախաբված» է մնացել Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի գործողություններից։ «Մենք հուսախաբվեցինք նրանց մեծ մասից։ Իսպանիան պարզապես սարսափ է»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներին՝ մեղադրելով նրանց տարածաշրջանում ամերիկյան գործողություններին ոչ բավարար չափով մասնակցելու և աջակցելու մեջ։

Մասնավորապես, Իսպանիան հրաժարվել էր ԱՄՆ-ին հասանելիություն տրամադրել իր տարածքում տեղակայված համատեղ ռազմաբազաներին՝ Իրանին հարվածներ հասցնելու համար։