Թերթը գրում է, թե երեկ Շենգավիթում լուր տարածվեց, թե մայիսի 6-ին Չարբախի շենքերից մեկում փող բաժանելու կասկածանքով բռնվել է թաղում հայտնի քրեական հեղինակություն Բլդին, որի իսկական անունն Աշոտ է, իսկ ազգանունը վաղուց մոռացվել է:
«Վերջին 5 տարիների բոլոր ընտրություններում նա «աշխատել է» Հանրապետականի օգտին, սակայն մայիսի 6-ի ընտրություններից երկու օր առաջ անցել է ԲՀԿ-ի կողմը: Չարբախի բնակիչները պատմում էին, որ Բլդին գնալուց առաջ հասցրել է փող վերցնել ՀՀԿ-ից եւ ցուցակագրել ընտրողներին՝ մեկ ձայնի դիմաց խոստանալով 15 հազար դրամ:
Սակայն հետագայում չի կատարել իր խոստումը, քանի որ գումարային հարցերում համաձայնության չի եկել հանրապետականների հետ եւ «իշխանափոխ» է եղել: Հանրապետականներն էլ, իրենց քցված համարելով, բռնել են տվել Բլդիին:
Նույն տարածքում ինքնառաջադրված թեկնածու Գոհար Վեզիրյանը «Հրապարակին» հայտնեց, որ Բլդիի դեմ ինքն է բողոք ներկայացրել ոստիկանություն, քանի որ ահազանգ էր ստացել, որ նա ընտրակաշառք է բաժանում: Ոստիկանությունից պատգամավորության թեկնածուին պատասխանել են, որ ինքն անձամբ պետք է գա եւ բողոք գրի»,- գրում է «Հրապարակը»:




























