«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության ընթացքում պաշտպանական կողմը հանդես է եկել մի շարք ուշագրավ միջնորդություններով:
Մասնավորապես, Փաշինյանի պաշտպանները միջնորդել են անթույլատրելի ճանաչել դեպքի վայրի զննության արձանագրությունները, որտեղ օրենքի կոպիտ խախտումներ կան: Օրինակ, որոշ դեպքերում, նույն ժամին 4-5 տարբեր վայրերում նույն ընթերականերն են մասնակցել խուզարկությանը, մեկ այլ արձանագրությամբ գտել են 3 շիշ, հեռացել, ապա մի քանի ժամ անց նույն վայրում «գտել» արդեն ավելի շատ: Թեեւ այդ ժամանակ արդեն տարածքը վերահսկվել է ոստիկանների կողմից, եւ հնարավոր չէր առանց նրանց գիտության շշեր եւ այլ առարկաներ բերել եւ «գտնել»:
Պաշտպանական կողմը միջնորդել է նաեւ անթույլատրելի ապացույց ճանաչել ԱԱԾ-ից ստացված տեսագրությունը, որ փաթեթավորված չի եղել, իսկ ԱԱԾ-ն նշել է, թե դա տարբեր հեռուստաընկերությունների օպերատորներից, քաղաքացիներից ստացված կադրեր են, մինչդեռ օրենքը հստակ պահանջում է նշել, թե ով, երբ եւ ինչու է նկարել: Պաշտպանական կողմը նաեւ միջնորդել է անթույլատրելի ճանաչել գործում առկա տեսասկավառակների զննության արձանագրությունները, որտեղ Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները կիսատ են ներկայացված, շատ հատվածներ, գրեթե բոլորն էլ Նիկոլին արդադարացնող, կտրտրվել եւ հանվել են: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգել է միջնորդությունների քննարկումը՝ խորհրդակցական սենյակում քննարկելու համար:
Նիկոլ Փաշինյանի գործով դատական հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերի 21-ին, ժամը 11-ին:



























