Գյումրիի նորակառույց Մուշ-2 թաղամասում շարունակվում են բնակարանաշինական աշխատանքները, որոնք, իրականացնում է «Գլենդել Հիլզ» կազմակերպությունը: Ըստ այդմ, այս տարի, մոտ 2 ամսից շահագործման կհանձնվեն թվով 1756 բնակարաններ:

Հիշեցնենք, որ այս թաղամասում շահագործման հանձնված նախորդ տներում որակական առումով որոշ թերություններ էին հայտնաբերվել, որի հետեւանքով որոշ բնակարանատերեր հրաժարվեցին տրամադրված կացարաններից:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն այս ամենը համարում է շտապողականության հետեւանք: «Իրոք եղել են նման դեպքեր, երբ մարդն հրաժարվել է տնից որակական թերությունների պատճառով,  բայց փաստացի հրաժարվողներ չեն եղել, անցած տարվա բնակարանների մեջ իսկապես առկա էին նմանատիպ շինարարական թերություններ` ներքին հարդարման աշխատանքներում, դա շտապողականության հետ է կապված եղել, ժամանակի մեջ շինարարները չէին տեղավորվում, հետագայում հանձնարարական եղավ «Գլենդել Հիլզ» կազմակերպությանը, որն էլ  պարտավորված եղավ վերացնել այդ թերությունները:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որակական առումով ինչպիսին են այս տարվա բնակելի շենքերը, Ալբերտ Մարգարյանը վստահեցրեց, որ այս տարի այդ խնդիրը լուծված է, այլեւս նմանատիպ դեպքեր չեն լինի,  որովհետեւ ժամանակի մեջ տեղավորվում են, ու որակյալ բնակարաններ կհանձնվեն շահագործման:

Նշենք, սակայն, որ նախորդ բնակարանների շինարարական թերությունների մի մասը վերացվել է բնակարանատերերի սեփական միջոցների հաշվին, ու այս տարի գյումրեցիները հուսով են, որ կստանան նորմալ կացարաններ: Այս պահին Գյումրիում 4270 անօթեւան ընտանիքներ կան: