Քրդական PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) ստեղծման 31 ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը՝ 70 քուրդ զինյալներ, ավարտելով իրենց ռազմական վարժանքները, մտել են PKK-ի ռազմական թեւերից մեկի՝ HPG (Ժողովրդի պաշտպանության ուժեր) կազմի մեջ, հաղորդում է քրդական Firat լրատվական կայքէջը։ Վերջինիս տվյալներով՝ այս տարվա 9 ամսվա մեջ HPG-ին են անդամագրվել 787 քուրդ զինյալներ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քրդական PKK-ից 323 հոգի էլ հանձնվել են թուրք իրավապահներին։ Միայն հոկտեմբերին 34 հոգի Հյուսիսային Իրաքից հանձնվեցին թուրք իրավապահներին, որոնք կարճ հարցաքննությունից հետո ազատ արձակվեցին։

Ի դեպ, դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Թոկատի նահանգում 7 թուրք զինվորականների սպանության պատասխանատվությունը երեք օր հետո ստանձնեց քրդական HPG-ն։ Վերջինս դա պատասխան համարեց թուրքական զինված ուժերի կողմից Դիարբեքիրում սպանած իրենց զինակցի եւ Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի նկատմամբ հնչած սպառնալիքների համար։