Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ օրերս Վաշինգտնում կայացած հանդիպման ուշագրավ հանգամանքներից մեկն այն էր, որ տարիներ շարունակ թմբկահարվող տարածաշրջանային կարեւոր նախաձեռնությունների կապակցությամբ Թուրքիան ԱՄՆ-ից լրացուցիչ ժամանակ ու հավելյալ պայմանական աջակցություն ստացավ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

Ըստ թուրքագետի՝ «քննարկման օրակարգում ներկայացնելով ոչ միայն տարածաշրջանային այլ նաեւ համաշխարհային տրամաչափի հիմնահարցեր եւ, վերջին տարիներին չունենալով ոչ մի շոշափելի նվաճում իր արտաքին քաղաքական եւ ոչ մի նախաձեռնությունում, Էրդողանն, այնուամենայնիվ, ցանկանում էր վերահաստատել Թուրքիայի տարածաշրջանային գերտերություն լինելու հանգամանքը»:

«Օգտագործելով ԱՄՆ-ի նախագահ Օբամայի լսելու ընդգծված հատկությունից Էրդողանն արեց հնարավորինը ներկայանալու համար որպես վստահելի տարածաշրջանային գործընկեր: Ավելին, որոշ էական հարցերում (Իրան, Աֆղանստան, Իսրայել) Էրդողանն ակնհայտորեն հարցականի տակ դրեց Օբամայի քաղաքական նախաձեռնությունների նպատակահարմարությունը` հակափաստարկները համեմելով տարածաշրջանին ու իսլամական աշխարհին իր առավել քաջատեղյալ լինելու պնդումներով»,- նշեց տՏեր-Մաթեւոսյանն ու հավելեց. «Հանդիպումը նաեւ ցույց տվեց, որ Թուրքիային տրված է փորձաշրջան ապացուցելու տարածաշրջանային նախաձեռնություններում նրա հետեւողականության լրջությունը եւ անհրաժեշտ ռեսուրսներին տիրապետելու հավաստիացումները: Այսպիսով, թուրք-ամերիկյան թվացյալ մերձեցման հետնախորքում ընթանում են առավել խորքային գործընթացներ, որոնց առաջին արձագանքներն ի հայտ կգան արդեն 2010 թ. առաջին կեսին»: