Պարզվել է մայիսի 10-ին, ժամը 23:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները: Ինչպես Վանաձորից NEWS.am-ին հայտնում է մեր թղթակիցը, BMW 318 մակնիշի 30 ՏՏ 652 համարանիշի մեքենան պատկանում է Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Սերգեյ Գալստյանին, ով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության:

Ականատեսները NEWS.am-ի թղթակցին դեպքի վայրում պատմել են, որ մեքենան հարվածել է ճանապարհի արգելապատնեշիբն, պոկել երկաթե սալերը, այնուհետ ընկել ձորը: Սակայն չի բացառվում, որ մեքենան ձորն է ընկել մեկ այլ մեքենայի հետ բախման արդյունքում:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի ահազանգով դեպքի վայր ժամանած մարզային փրկարարները ուսումնասիրել են տարածքը, ձորում հայտնված մեքենան, սակայն այնտեղ այլ մարդ չի եղել:

Դեպքի վայրում մինչ այս պաը աշխատում են Լոռիի ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Դավիթ Խանաղյանը եւ փորձագետը: Հիվանդանոցում պարզվել է, որ վարորդը վթարի ժամանակ ալկոհոլ օգտագործած չի եղել:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի