Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը հաջորդ երկուշաբթի ընտրություններում հաղթելու առիթով, իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում քեֆ է անելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սամվել Ալեքսանյանը: Վերջինս նշեց, որ թիվ 7 ընտրատարածքում իր մրցակից Նիկոլ Փաշինյանին չի հրավիրելու այդ քեֆին:
Սամվել Ալեքսանյանի հետ հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորեւ:
Պարոն Ալեքսանյան, ասել էիք, որ ընտրություններում հաղթելուց հետ «Փարվանայում» քեֆ եք անելու, արեցի՞ք:
Չէ, դեռ քեֆ չենք արել, բայց անելու ենք: Անելու ենք «Փարվանայում», էս երկուշաբթի չէ, մյուս երկուշաբթի:
Իսկ ովքե՞ր են հրավիրված լինելու:
Մեր համայնքի բնակիչները:
Իսկ պաշտոնյաներից, քաղաքական վերնախավից լինելո՞ւ են:
Դավիթ Օհանյանը` վարչական շրջանի ղեկավարը կորոշի:
Սերժ Սարգսյանը լինելո՞ւ է հրավիրյալների ցուցակում:
Ես ասացի, որ Դավիթ Օհանյանը կորոշի:
Նիկոլ Փաշինյանին որպես թամադա հրավիրելո՞ւ եք, ինչպես նախօրոք հայտարարել էիք:
Չէ ինքն իրեն ճիշտ չպահեց, չենք հրավիրելու:
Ի՞նչ առումով ճիշտ չի պահել:
Ես շատ գիտեմ, ժողովրդի վրա ոստիկաններ բերեց:
Իսկ այն կանանց, ովքեր հետապնդում էին Նիկոլին նախընտրական քարոզչության ընթացքում, պարգեւատրելո՞ւ եք:
Իրանք մեր համայնքի բնակիչներ են, իրենց ի՞նչ պարգեւատրենք:
Իրենց չե՞ք ճանաչել:
Ո՞նց չեմ ճանաչել, սաղ համայնքի 90 տոկոսին ես ճանաչում եմ, ոնց չենք ճանաչում:


























