Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր` մայիսի 11-ին կայացած հերթական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2012թ. առաջին չորս ամիսների ցուցանիշները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից` հավելելով, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 88,7 տոկոս:

Քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ մասի ընթացքին վերաբերող հարցեր, նախատեսվում է իրականացնել նմանատիպ երրորդ ծրագիրը, եւ մարզպետներին հանձնարարվել է ներկայացնել հայտերի նախագծերը: Փոխվարչապետն առաջարկել է նաեւ արդեն կազմել 2013թ. բյուջետային հայտերը:

Փոխվարչապետն անդրադարձել է նաեւ ոռոգման ջրամատակարարման խնդրին` մարզպետներին հորդորելով ուշադիր լինել ջրօգտագործումների նկատմամբ, հետեւել, որպեսզի ջրային պաշարներն օգտագործվեն արդյունավետ եւ բացառապես ոռոգման նպատակով, քանի որ ըստ կանխատեսումների` տարին սակավաջուր է լինելու:Զեկուցվել է հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի մասին: Նշվել է, որ դրանք հաջողությամբ իրականացվում են, եւ մինչեւ մայիսի 20-ը պարարտանյութի բաշխումը կավարտվի: 

Զեկուցվել է նաեւ մարզերում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման գործընթացի մասին: Նշվել է, որ տարածքներ դեռեւս չեն հատկացվել որոշ մարզկենտրոններում: Փոխվարչապետը հանձնարարել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցաբար սեղմ ժամկետներում ավարտին հասցնել գործընթացը: