Վանաձորի թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր` մայիսի 11-ին, մերժել է այդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու, ԱԺ գործող պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի դիմումը` իր մրցակից Էդմոն Մարուքյանի գրանցումը չեղյալ համարելու պահանջով: Վիկտոր Դալլաքյանը, ով վերջերս է անդամակցել ՀՀԿ-ին, պնդում է, որ Էդմոն Մարուքյանը, ով ի դեպ, հաղթել է այդ ընտրատարածքում, վերջին 5 տարում Հայաստանում չի բնակվել, ուստի իրավունք չուներ թեկնածու առաջադրվել:
Թիվ 30 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը նիստի ժամանակ ներկայացրել է լիազոր մարմնի՝ անձնագրերի եւ վիզաների վարչության տեղեկանքն այն մասին, որ թեկնածուն անընդմեջ չի բացակայել երկրից: ԸԸՀ անդամները, հաշվի առնելով վերոհիշյալ փաստաթուղթը, կողմ են քվեարկել իկտոր Դալլաքյանի դիմումը մերժելու որոշմանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երբ այս խնդրի առնչությամբ NEWS.am-ը զանգահարել էր Վիկտոր Դալաքյանին, վերջինս լսելով հարցը, սկսել էր բղավել. «Էլ ինձ չզանգեք NEWS.am, հասկացա՞ք» եւ դա կրկնել մի քանի անգամ ու ինքն էլ անջատել հեռախոսը:
Փոխարենն այդ ընտրատարածքում հաղթող թեկնածու, անկուսակցական Էդմոն Մարուքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ինքը վերջին 5 տարում ապրել է Հայաստանում եւ բացառել, որ Դալլաքյանի բողոքը կարող է ինչ-որ արդյունք տալ: «Իմ թիմով կոտրեցինք կարծրատիպը, որ միշտ իշխանության թեկնածուն պետք է հաղթի: Իմ հաղթանակում դեր խաղաց նաեւ այն հանգամանքը, որ իմ մրցակից թեկնածուն ընդդիմադիր պատգամավորի կեցվածքից անցում կատարեց դեպի Հանրապետական կուսակցություն: Այսինքն`մարդկանց մոտ առաջացավ հիասթափություն»,- ասել էր նա:
Հիշեցնենք, որ թիվ 30 ընտրատարածքում առաջադրվել էին ՀՀԿ-ից` Վիկտոր Դալլաքյանը, ՀՅԴ-ից` Զոհրաբ Թորոսյանը, ՀՀՇ-ից` Աշոտ Մանուկյանը, անկուսակցական Էդմոն Մարուքյանը եւ Ժառանգությունից` Գառնիկ Սահակյանը: Արդյունքում 2400 ձայների առավելությամբ Էդմոն Մարուքյանը հաղթել էր Վիկտոր Դալաքյանին:


























