Հուլիսի 15-ին Թեհրանից 180 կմ հեռավորության վրա վթարի ենթարկված «Տու-154» ինքնաթիռը ապահովագրված է եղել 2-3 միլիոն եվրո գումարի չափով: Դրանից զատ, ինքնաթիռը ապահովագրված է եղել նաեւ ապահովագրական «պոլիսի» միջոցով` 50 միլիոն եվրոյի չափով, որը վճարվում է այն դեպքում, երբ ավիավթարի հետեւանքով ինքնաթիռը ցանկացած վնաս է հասցնում որեւէ օբյեկտի: Նշենք նաեւ, որ Թեհրան-Երեւան չվերթի յուրաքանչյուր ուղեւոր ապահովագրված է եղել 32 հազար եվրո գումարի չափով:
«Caspian Airlines» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում նշում են, որ վթարի ենթարկված ինքնաթիռը 2005 թվականին ամբողջական կապիտալ վերանորոգում է անցել ռուսական Մինվոդի քաղաքի գործարաններից մեկում, իսկ այս տարվա հունիսին տեղզննում է անցել եւ պատրաստ է եղել շահագործման մինչեւ 2010 թվականը: Սակայն ավելի ուշ Մինվոդիում այս տեղեկությունը չեն հաստատել:
NEWS.am-ը հիշեցնում է, որ հուլիսի 15-ին, Իրանի Տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Բոլոր ուղեւորները զոհվել են, այդ թվում երկու երեխա: Նրանց շարքում են եղել մի քանի տասնյակ հայեր, որոնցից 5-ը, այդ թվում երկու ավիատեխնիկներ, ՀՀ քաղաքացիներ են եղել: Զոհերից երկուսը Վրաստանի քաղաքացիներ են: Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը հայտնաբերվել են երկու սեւ արկղերը, իսկ հաջորդ օրը կեսօրին նաեւ երրորդ սեւ արկղը: Դրանց վերծանմանը կասնակցում են Ռուսաստանի ու հայաստանի մասնագետներ:




























