Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը հուլիսի 18-ին կմիանա Հայաստանում Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի Միջազգային Կամավորների թիմին` Արշակյանների ընտանիքի հետ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքում տուն կառուցելու գործին:
Արշակյաններն ունեն երկու երեխա, որոնք դեռ չգիտեն թե ինչ է նշանակում սեփական տուն ունենալը: Նրանց տան շինարարական աշխատանքները սկսվել են դեռ 10 տարի առաջ և ավարտին հասցնելը մոտ ապագայի հարց չէր:
Տնազուրկներին ծառայելու գաղափարը իր շուրջ է համախմբում կամավորներ աշխարհի բոլոր անկյուններից: Դեսպանատան աշխատակիցների, ինչպես նաև օվկիանոսի այն կողմից ժամանած կամավորների աջակցությունը նման ընտանիքներին օգնում է վերագտնել հավատը և դառնալ համայնքի լիիրավ անդամ: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Լ. Յովանովիչը, միանալով իր հայրենակիցներին՝ Նյու Ջերսիից ժամանած 12 հոգուց բաղկացած կամավորների թիմին, կառաջնորդի դեսպանատան աշխատակիցներին աջակցելու Արշակյան ընտանիքին նրանց տան շինարարության գործում: Այդ օրը նրանք կմիավորեն իրենց ուժերը` ևս մեկ տնազուրկ հայ ընտանիքի կյանքում փոփոխություն մտցնելու նպատակով:



















