Ռուսաստանում ամենամեծ ժողովրդականություն վայելող ICQ ինտերնետ-մեսենջերը կարող է գնվել Digital Sky Technologies (DST) ներդրումային ընկերության կողմից, որի համասեփականատերը ռուսաստանցի մեդիա-մագնատ Ալիշեր Ուսմանովն է, դեկտեմբերի 14-ին գրել է «Վեդոմոստի» թերթը:
Ինչպես հայտնում է պարբերականը, վկայակոչելով DST բաժնետերերին մոտ աղբյուրներին, այս ճանաչված մեսենջերի լսարանը կարող է պետք գալ Mail.ru պորտալին, որը եւս պատկանում է DST-ին:
Բանն այն է, որ Mail.ru-ն ունի նմանատիպ ծրագիր՝ "Агент@Mail.ru-ն՝ ամսական 12 միլիոն լսարանով, իսկ ICQ-ն նրա հիմնական մրցակիցն է Ռուսաստանում:
DST-ի հետ բանակցությունների փաստը հաստատել է նաեւ The Wall Street Journal-ի աղբյուրը: Թերթի տվյալներով՝ գործարքի արժեքը կարող է կազմել 200-250 միլիոն դոլար:
ICQ-ի հիմնական գործընկերները Ռուսաստանում Rambler-ն ու Yandex-ն են, որոնք ռուսական տարբերակում բաններներ եւ գովազդ են տեղադրում, եւ գործարքի դեպքում կարող են հրաժարվել համագործակցությունից: Մինչդեռ Rambler-ի ներկայացուցիչ Կոնստանտին Վորոնցովը նշել է, որ ամեն ինչ կախված է նոր պայմաններից:




























