Իրանում աշխատանքներ են տարվել նեյտրոնային ինիցիատորի՝ ատոմային պլուտոնային ռումբի ստեղծումն ավարտելու համար անհրաժեշտ առանցքային բաղադրիչի մշակման եւ փորձարկման ուղղությամբ, այսօր գրել է բրիտանական The Times թերթը՝ վկայակոչելով ասիական հետախուզական որոշ աղբյուրներ:

2007թ.-ով թվագրկվող փաստաթղթերում, որ կապ ունեն Իրանի առավել գաղտնի ռազմական միջուկային ծրագրի հետ, ներկայացված են պայթյուն առաջացնող նեյտրոնային ինիցիատորի չորսամյա փորձարկումների տվյալները:

Նման մեխանիզմը, ըստ փորձագետների, չի կարող օգտագործվել ոչ մի ոլորտում, բացի միջուկային զենքից: «Ուրանի դեյտերիդն օգտագործվում է պակիստանյան ատոմային ռումբի վրա, եւ Իրանը հենց Պակիստանից է ստացել դրա նախագիծը»,- նկատում է The Times-ը:

Նշված փաստաթղթերն առաջին ապացույցն են, որ 2003թ.-ից հետո Իրանը շարունակել է զենքի մշակումը եւ, հնարավոր է, չի դադարեցրել առ այսօր: Ըստ արեւմտյան հետախուզությունների աղբյուրների, 2003թ. Իրանն արդեն հավաքել է ռումբը, սակայն անհրաժեշտ փորձարկումները չի կատարել: