«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ եւ 10-րդ հորիզոնականները զբաղեցնող Նելսոն Զուլոյանին եւ Դավիթ Կարապետյանին առաջարկել են զբաղեցնել համապատասխանաբար առողջապահության  եւ  էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարների պաշտոնները:

Դավիթ Կարապետյանը եւ Նելսոն Զուլյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին գործադիրում աշխատելու մասին լուրը: Չցանկանալով բացել փակագծերը` երկուսն էլ նշեցին, որ պարզապես ցանկանում են իրենց քաղաքական կարիերան սկսել ԱԺ-ից:

ՕԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` հրապարակված խմբակցության կազմը դեռեւս վերջնական չէ: Կառավարության ձեւավորումից հետո ՕԵԿ ցուցակից Իշխան Խաչատրյանը եւ Սամվել Թադեւոսյանը հավանաբար ինքնաբացարկ կհայտնեն եւ պաշտոններ կստանան գործադիրում, որոնց փոխարեն կանցնեն Նելսոն Զուլոյանը եւ Դավիթ Կարապետյանը:

Մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ կոալիցիայի ձեւավորումից հետո ԵԿ-ը կստանա նախարարի երկու պորտֆել` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Ինչ վերաբերում է Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին, ապա նա առաջիկայում կլքի ՕԵԿ-ը, քանի որ այդ պորտֆելը տրվելու է ՀՀԿ-ին, Մանուկ Վարդանյանն արդեն իմաստ չի տեսնում մնալ կուսակցությունում:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Կարապետյանին առաջարկվել է էներգետիկայի եւ բնական պաշարների  փոխնախարարի, իսկ Զուլոյանին` առողջապահության փոխնախարարի պաշտոնը, սակայն նրանք չեն համաձայնել ու շարունակում են պնդել, որ իրենց գործունեությունը պատկերացնում են միայն խորհրդարանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը քննարկել է 2012թ. ընտրությունների ընթացքում ձեռք բերված մանդատների բաշխման հարցը:

Քաղաքական խորհրդի որոշման արդյունքում ՕԵԿ-ը հինգերորդ գումարման Ազգային ժողովում կձեւավորի խմբակցություն հետեւյալ կազմով.

Հեղինե Բիշարյան – խմբակցության ղեկավար

Խաչիկ Հարությունյան – խմբակցության քարտուղար

Մհեր Շահգելդյան

Իշխան Խաչատրյան

Սամվել Թադևոսյան

Կարեն Բոթոյան

Հիշեցնենք, որ ՕԵԿ-ը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է 5,51 տոկոս ձայն, ինչը հավասար է 5 մանդատի: Եվս մեկ ՕԵԿ-ական` Կարեն Բոթոյանը, ընտրվել է մեծամասնական ընտրակարգով: