Գերմանական միջազգային համագործակցությունը` GIZ-ը Հայաստանում գործունեություն է իրականացնում մի շարք ոլորտներում. հանրային ֆինանսների կառավարում, համայնքային բարեփոխումներ, բնապահպանություն եւ մասնավոր սեկտորի զարգացում: Կազմակերպությունը նաեւ կառավարման ոլորտում իրավական-խորհրդատվական ծրագիր ունի, փորձում է աջակցել Հայաստանից ապրանքների արտահանմանը: Մասնավոր սեկտորի աջակցման առումով GIZ-ը բավական լուրջ ներդրում ունի Հայաստանում մրցակցային իրավունքի զարգացման գործում: Մրցակցային խնդիրների վերաբերյալ է NEWS.am-ի հարցազրույցը GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթի հետ:

Պրն. Մակբեթ, մրցակցության ոլորտում GIZ-ը ծրագրեր է իրականացնում նաեւ Հարավային Կովկասի մյուս երկրներում` Վրաստանում եւ Ադրբեջանում: Սակայն Հայաստանի ծրագիրը համարվել է լավագույնը: Ինչո՞ւ: 

Այո, լավ տեղեկացված եք: Մենք աշխատում ենք գերմանական կառավարության հանձնարարությամբ, եւ այդ հանձնարարությունը ենթադրում է համահարավկովկասյան մոտեցում: Սակայն բարեփոխումները տարբեր արագությամբ են ընթանում այս 3 երկրներում: Իմ կարծիքով` Հայաստանը շատ շուտ եւ շատ վճռականորեն է որոշել այս ոլորտում աշխատանքներ տանել: Սա ունի եւ պատմական, եւ աշխարհագրական պատճառներ: Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի տնտեսությունը մեծ ճգնաժամ ապրեց, տեղի ունեցավ չկարգավորված սեփականաշնորհում: Ես պետք է շնորհավորեմ Հայաստանի այն քաղաքական գործիչներին, որոնք պատասխանատու են տնտեսության համար եւ որոշեցին բարելավել տնտեսական իրավիճակը: Մարդիկ պետք է աշխատանք ունենան, պետք է լինի լավ հիմքերի վրա դրված տնտեսական կյանք, պետք է ներդրումներ արվեն: Բայց այդ ամենի կողքին կա աշխարհագրական խնդիր` Հայաստան մտնող ապահով ճանապարհները քիչ են: Ձեր հարեւանների հետ հարաբերությունները մասամբ դրական  են, մասամբ էլ` չափազանց բացասական: Ըստ իս` այդ պատճառներով Հայաստանում ավելի մեծ է եղել բարեփոխումների անհրաժեշտության ըմբռնումը, քան հարեւան երկրներում: Բարեփոխումների գագաթնակետն այն էր, որ կարողացել եք մրցակցության ոլորտի փորձագիտական գնահատական կազմակերպել ՄԱԿ-ի զարգացման գործակալությունում: Դրա համար անհրաժեշտ է քաջություն, կամք եւ թափանցիկություն: Քաջություն այն պատճառով, որ քթովդ պարզապես բախվում ես բազմաթիվ սխալների եւ խնդիրների: Իսկապես` եւ քաղաքական գործիչները, եւ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՊՀ,-խմբ) բավական մեծ ջանքեր են գործադրել, ու շատ ավելի առաջ են գնացել, քան հարեւան 2 երկրներում:

Ճի՞շտ հասկացա, որ օլիգարխների ի հայտ գալը ինչ որ առումով օբյեկտիվ պատճառներ է ունեցել:

Դա հետեւանք էր կարգավորման բավականաչափ հասունացած չլինելու: Բայց մեզ մոտ` Արեւմուտքում դա եւս ծանոթ երեւույթ է: Մրցակցության պաշտպանության գաղափարն առաջացել է ընդամենը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, թեեւ մեզ մոտ խոսում ենք ոչ թե օլիգարխների, այլ խոշոր արդյունաբերողների մասին: Խնդիրն այն է, թե ինչպես են այդ օլիգարխներն ու խոշոր արդյունաբերողներն իրականացնում իրենց գործունեությունը:

Դուք բավարար համարո՞ւմ եք կառավարության եւ ՏՄՊՊՀ-ի ջանքերը, թե՞ Ձեր կարծիքով կարելի էր ինչ-որ բաներ ավելի լավ անել:

Դուք երկու հարց տվեցիք; Ինչ վերաբերում է ջանքերին` հենց սկզբից պետք է «այո» ասեմ: Վերջին տարիներին կան զարգացումներ, որտեղից կարելի է տեսնել` դրական է՞ արդյունքը, թե՞ ոչ: Երբ ՄԱԿ-ի զեկուցագիրն էր կազմվում, մշակվեց նաեւ մի նոր օրենք, որով ղեկավարվելու էր մրցակցային հանձնաժողովը: Հետեւանքն այն է, որ ՏՄՊՊՀ-ն հիմա ավելի շատ գործիքներ ունի, ավելի մեծ իրավասություններ: Այն մարդիկ, որոնք շուկայում ազնվորեն չեն գործում, զգում են որոշակի հետեւանքներ: Որպեսզի նման օրենք ընդունվի, պետք է ունենալ քաղաքական կամք, ընդ որում` այդ կամքը պետք է ունենա ինչպես կառավարությունը, այնպես էլ խորհրդարանական մեծամասնությունը:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ կեսին, թե ինչը կարելի էր ավելի լավ անել, ապա ասեմ, որ ՏՄՊՊՀ-ն աշխատանքի համար ներկայում ունի բոլոր այն նախապայմանները, որ ունեն նմանատիպ հանձնաժողովները Գերմանիայում կամ Եվրոպայում: Բարելավում կարելի է անել հետեւյալ բնույթի` հզորացնել Հանձնաժողովի կարողությունները, Հանձնաժողովի աշխատակիցները պետք է իսկապես կարողանան մտնել իրենց դերի մեջ, ամբողջությամբ օգտագործել այն հնարավորությունները, որ ընձեռում է օրենքը: Պետք է կարողանան նաեւ հույս դնել արդարադատության եւ վարչական մարմինների ճիշտ որոշումների վրա: 

Վերջերս Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, եւ շուկայում գերիշխող դիրք գրավողների մի մասը կրկին հայտնվեց խորհրդարանում: Ըստ Ձեզ` ընտրությունների ընթացքը եւ արդյունքները որեւէ կերպ կազդե՞ն մրցակցային միջավայրի վրա:

Իհարկե` քաղաքական եւ տնտեսական շրջանակների միջեւ սերտ կապը դեր խաղում է: Այդ մասին նշվել է նաեւ ՄԱԿ-ի զեկուցագրում: Բայց համոզված եմ, որ անկախ հանձնաժողովը կկարողանա ամուր հաստատվել տնտեսական միջավայրում: Նման մարմինները միշտ էլ խաղագնդակ են դառնում քաղաքական գործիչների համար, բայց Հայաստանում բարեփոխումները շարունակելու քաղաքական կամք եմ տեսնում: Եւ օտարերկրյա գործընկերներն էլ գնահատում են, թե ինչպես կարելի է ուղեկցել այստեղ տեղի ունեցող դրական զարգացումներին:

Բայց չեք կարծո՞ւմ, որ ՏՄՊՊՀ-ն միայնակ է մրցակցության պաշտպանության պայքարում, այլ պետական մարմիններից օժանդակություն չի ստանում:

Ես ձեր կարծիքը չեմ կիսում: Այն քաղաքական գործընկերներից, որոնց հետ համագործակցում եմ, տպավորություն ունեմ, որ օժանդակում են Հանձնաժողովին: Այստեղ դեր է խաղում այն հանգամանքը, որ այս երկրին անհրաժեշտ է թարմ փող, այսինքն` ներդրումներ: Դա գիտի յուրաքանչյուրը, ակախ նրանից, թե ինչ գույնի կուսակցություն է ներկայացնում, կամ ինչ շահեր է հետապնդում: Իսկ ներդրումներ անողները պետք է համոզված լինեն, որ նրանց հետ ազնվաբար կվերաբերեն: Կա որոշակի մետափիլիսոփայություն, թե ինչու է Հանձնաժողովն օգտվում պետական այլ մարմինների օժանդակությունից: Հեշտ չի աշխատել հանձնաժողովի համար, քանի որ շատ տարբեր են տնտեսական եւ քաղաքական շահերը: Բայց ՏՄՊՊՀ-ն այնքան կենտրոնական դիրք է զբաղեցնում, որ նրա գոյությունն այլեւս չեն կարող անտեսել: Եւ դեպի իրավական պետություն գնալու ճանապարհին նրանք այնքան լավ օրենք ունեն, որ չեն կարող ձախողվել:

Իսկ օտարերկրյա ներդրողների տեսանկյունից ի՞նչ առանձնահատուկ խոչընդոտներ եք տեսնում, արդյոք օտարերկրյա ներդրումների համար դաշտը բավականին մրցակցայի՞ն է:

Եթե ես լինեի օտարերկրյա ներդրող, ապա առաջին հերթին կհետաքրքրվեի իրավական անվտանգության մակարդակով: Այս առումով որոշ բաներ պետք է անել: Երեք տարբեր իրավական համակարգերի խառնուդ կա` խորհրդային իրավունք, անգլոսաքսոնական իրավունք եւ եվրոպական մայրցամաքային իրավունք: Դրա պատճառով երբեմն հակասություններ են առաջանում, բայց դրա պատախանը գտնվել է: Հայաստանի կառավարությունն այժմ, այսպես կոչված, գիլյոտինի գործընթաց է իրականացնում` 24 հազ. իրավական նորմերի հսկայական կաթսան ցանկանում է կրճատել մինչեւ 12-13 հազ: Այլ հարց է, թե արտասահմանն ինչպես է ընկալում Հայաստանի արդարադատության համակարգը եւ դատարանների դատական պրակտիկան:

Ինչքանո՞վ պաշտպանված կլինեն ներդրումները, եթե հայց ներկայացվի` դա ի՞նչ կնշանակի: Կամ որքա՞ն արդար է այստեղ իրավիճակը` դա արդեն Հանձնաժողովի խնդիրներից է: Սեփականության իրավունքը նույնպես շատ կարեւոր է, նաեւ կադաստրի աշխատանքը: Սրանք բոլորը հարցեր են, որոնք հետաքրքրում են օտարերկրյա ներդրողներին: Հայաստանում դեռ եվրոպական ստանդարտ չկա: Այստեղ ներդրում անելու համար ներդրողից պահանջվում է եւ քաջություն, եւ կամք եւ նաեւ սեր այս երկրի նկատմամբ: Դուք արդեն բազմաթիվ համակարգեր ստեղծել եք, դրանք արդեն գործում են: Դա նման է երթեւեկության կանոններին` քաղաքի ներսում 60 կմ/ժամ արագությունից ավելի չպետք է լինի, բայց հատուկ ջանքեր են ահրաժեշտ այդ նորմը պահպանելու համար:

Զրուցեց` Սամվել Ավագյանը