Թերթը գրում է, որ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Գրիշա Խաչատուրովը, դարձյալ վերականգնվել է աշխատանքում:
«Մեր տեղեկություններով, երկու ամիս է՝ նա 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալն է: Հիշեցնենք, որ Գրիշա Խաչատուրովը 2010 թվականին մեծ աղմուկով հեռացվեց համակարգից, երբ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, իսկ հեռացվելու պատճառն Արարատի զորամասում բացահայտված անօրինականություններն էին: 2010-ի աշնանը սկանդալային բացահայտումներ եղան Արարատի զորամասում:
Պարզվել էր, որ Խաչատուրովի որդու մտերիմ ընկերները զորամասում դրամաշորթությամբ են զբաղվել, ինչը հովանավորվել է Գենշտաբի պետի որդու կողմից: Սենսացիոն բացահայտումից հետո քրգործ հարուցվեց, եւ այդ գործում գլխավոր դերակատարում ունեցած «Ռոժ» մականունով հրամանատար Վարդան Մարտիրոսյանն ու խմբի մյուս անդամները մեղադրվեցին ֆինանսական մեքենայությունների, դրամաշորթության, զինվորներին ծեծելու եւ նվաստացնելու մեջ:
Բացահայտումից հետո ձերբակալվեցին Վ. Մարտիրոսյանը, գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը եւ այլք: Կարճ ժամանակ անց նրանք հայտնվեցին ազատության մեջ: Իսկ Գրիշա Խաչատուրովը հրաժարականի ձեւակերպմամբ հեռացավ համակարգից: Ըստ նախապատրաստվող նյութերի, զինակոչիկներից շորթել էին մոտ 1 միլիոն, իսկ պայմանագրային զինծառայողներից՝ 90 մլն դրամ, գրում է «Հրապարակը»:




























