Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով ազատ արձակել ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանին:
«Լրատվամիջոցներից տեղեկանալով Սասուն Միքայելյանի առողջական ծանր վիճակի մասին, մենք եւս մտահոգված ենք նրա առողջությամբ: Մեր նախկին գործընկերոջը բուժող բժիշկ Ավետիք Մինասյանը հայտարարել է, որ „Սասուն“ ջոկատի հրամանատարը լուրջ բուժման, վիրահատության կարիք ունի, եւ բանտային պայմանները նրա համար կարող են առողջական հավելյալ խնդիրներ ստեղծել»,- նշել են պատգամավորներն ու հավելել. «Անկախ նրանից, թե Միքայելյանն ինչ պատճառներով է կալանավորվել, մենք խնդրում ենք Ձեզ` օգտվելով ՀՀ սահմանադրության 55 հոդվածով Ձեզ վերապահված լիազորություններից, ներում շնորհելու միջոցով` ազատել Սասուն Միքայելյանին պատժի հետագա կրումից»:
Նամակի տակ ստորագրել են պատգամավորներ՝ Վարդան Բոստանջյանը, Ռուբեն Գեւորգյանը, Հրանտ Մադաթյանը, Ռուստամ Գասպարյանը, Ռոբերտ Թովմասյանը, Մելիք Մանուկյանը, Վերսանդ Հակոբյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, Սեդրակ Սարոյանը, Արմեն Մխիթարյանը, Տաճատ Վարդապետյանը, Նահապետ Գեւորգյանը, Վարդան Այվազյանը, Մարտին Սարգսյանը, Վոլոդյա Բադալյանն ու Ռաֆիկ Գրիգորյանը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունից, նաեւ անկախ պատգամավորներ՝ Վիկտոր Դալլաքյանը, Տիգրան Թորոսյանը, Մխիթար Վարագյանը, Հակոբ Հակոբյանը, Սամվել Բալասանյանն ու Լյովա Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը ձերբակալվել է 2008թ. մարտյան իրադարձություններից հետո եւ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք պահելու համար դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:




























