Ոչ մի նոր բան, դեժավյու. Ընդդիմադիր պատգամավոր Լեւոն Քոչարյան եւ վարչապետ Նիկոլ Փաշինյան հարցուպատասխանին անմիջապես հաջորդող առավոտյան Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները ԲԱՑԱՌՈՒՄ են որեւէ փաստարկ, որ սա քաղաքական հետապնդում չէ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հետեւաբար՝ հնարավոր քրեական վարույթներով իրականացվող գործողությունները հակաիրավական են։

Պառլամենտարիզմ, անձեռնմխելի մանդատ, խոսքի ազատություն՝ այն խախտելու իրավահետեւանքային գործիքակազմով, անձնական ազատություն, անձեռնմխելիություն, իրավունքի գերակայություն, սեփականության իրավունք…. չէ, չենք լսել»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։

Բացի այդ, վաղ առավոտյան հարկային մարմինները կապարակնքել են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակը: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներն այս պահին «Օրանժ Ֆիթնես»-ում են: Այս ընկերություններում Քոչարյան ընտանիքը բաժնեմասեր ունի։

Քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, տնօրենների բնակարաններում։