«Հայ-չինական գործընկերության կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր էջում պարզաբանում է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հերքման վերաբերյալ, որը վերաբերում էր NEWS.am-ի հրապարակման մեջ տեղ գտած կազմակերպության ղեկավար Արմեն Մխիթարյանի այն պնդմանը, որ նախարարությունը խոչընդոտում է կենտրոնի մասնակցությունը Շանհայի ամենամյա CIIE միջազգային ներմուծման ցուցահանդեսին։
«NEWS.am լրատվականի ռեպորտաժից հետո, էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել "հերքումով", որը նույնությամբ կրկնում է նախկինում տրված գրավոր պատասխանը և մեկ անգամ ևս հաստատում, որ նախարարությունը միտումնավոր փորձում է խոչընդոտել Չինաստանի CIIE -9 րդ միջազգային ցուցահանդեսին մեր կազմակերպության մասնակցությանը։
Ստորև կանդրադառնանք նախարարության "հիմնավորումներին" մեկ առ մեկ.
1.Որպես խախտում ներկայացված է այն հանգամանքը ,որ հասարակական կազմակերպությունը իբրև թե 2025 թվականին ազգային տաղավարում իր արտադրանքից բացի ներկայացրել է այլ ընկերությունների արտադրանքը։
Հորդորում ենք, որ 2025 թ-ի նոյեմբերին "տեղում պարզված" փաստերը հրապարակվեն, միաժամանակ նշելով այն ընկերությունները և ապրանքանիշերը, որոնք ըստ նախարարության դիրքորոշման, ապօրինի են ներկայացված եղել մեր տաղավարում։
2.Ինչու այսպես կոչված "խախտումը" տեղում հայտնաբերելուց անմիջապես հետո չի կասեցվել մասնակցությունը և դրա մասին հիշել են 9 ամիս անց միայն։ Ո՞վ է խախտումը հայտնաբերած անձը, եթե ցուցահանդեսին ներկա գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները ոչ մի խախտում տեղում չեն արձանագրել։
3.Ըստ նախարարության, ՀԿ-ի միասնական ստենդում ներկայացված ընկերությունները պետք է մասնակցության հայտը իրենք ներկայացնեին և առանձին պայմանագրեր կնքեին։ Սակայն այդ դեպքում նրանք այլևս չէին կարող իրենց արտադրանքը ներկայացնել ՀԿ -ի միասնական ստենդի ներքո, որը հնարավորություն է տալիս ընկերություններին՝ խուսափելով հավելյալ ծախսերից մասնակցել ցուցահանդեսին։
4.Ինչպես կարող էր նախարարությունը անտեղյակ լիներ ՀԿ-ի ստենդում ներկայացված ապրանքանիշերից, եթե հայտը տալուց հստակ նշվում է, թե կազմակերպությունը ինչ ապրանքանիշեր է ներկայացնելու։ Եվ եթե դա չէր թույլատրվում, ապա ինպես է կնքվել մասնակցության պայմանագիրը։
5.Ինչ հիմնավորմամբ է նախարարությունը սահմանափակում հասարակական կազմակերպությանը / կամ միությանը/ասոցիացիային ներկայացնել իր հայաստանյան իրավաբանական անձ հանդիսացող գործընկերներին ցուցահանդեսներում, եթե դրա համար առկա են բոլոր իրավական հիմքերը, իսկ նախարարությունը տեղյակ է եղել դրանց մասին։
6. ՀՀ-ում գործող ցանկացած այլ հասարակական կազմակերպության նման, չունենալով սեփական արտադրանք և արտահանման փորձ, 2023,2024,2025 թվականներին ինչպես է թույլատրվել ՀԿ -ի մասնակցությունը այդ նույն ցուցահանդեսին։
7. 2025 թվականին ՀԿ-ն հայտ էր ներկայացրել CIIE 8-րդ ցուցահանդեսին ազգային տաղավարում մասնակցելու համար, միևնույն ժամանակ նույն ցուցահանդեսի շրջանակներում, չինական կազմակերպիչներից ստացել էր առաջարկ կազմակերպել կոմերցիոն տաղավար հայկական ընկերություններին ներգրավելու համար։ Միմյանցից բացարձակ տարբերվող այս գործընթացները նախարարության կողմից նույնականացնելու, թյուրըմբռնման և մեզ այդ պատրվակով ազգային տաղավարում մասնակցության զրկելուց խուսափելու նպատակով և նախարարության պահանջով ՀԿ-ն հրաժարվեց կազմակերպել կոմերցիոն տաղավար հայկական ընկերությունների համար, որի արդյունքում մի շարք արտադրողներ զրկվեցին կոմերցիոն տաղավարում մասնակցության հնարավորությունից։
Ամփոփելով նշենք, որ, առանց վերոհիշյալ հարցերի պարզաբանման նախարարության կողմից ներկայացված "հիմնավորումները" սոսկ խոչընդոտելու միտումը քողարկելու և գործելաոճը արդարացնելու փորձ է, որը կազմակերպությունների մրցակցային հնարավորությունների սահմանափակումից բացի, նպաստում է կոռուպցիոն ռիսկերի առաջացմանը։
Հավելենք,որ մեր տեղեկություններով մի քանի կազմակերպությունների մասնակցության հայտերը ևս չեն հաստատվել նման կամայական և անհիմն մեկնաբանություններով», - ասվում է հրապարակման մեջ։
·
·




























