Այսօր Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում Հայատանի նախագահ Սերժ Սարգսյանը 7-րդ անգամ կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ: Այս անգամ ԼՂ հարցով մոսկովյան բանակցությունները երկու փուլով են անցնելու: Դրանցից առաջինը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպումն է, իսկ շաբաթ օրը նախատեսված է եռակող հանդիպում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կմիանա նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Հիշեցնենք, որ մոսկովյան բանակցությունների նախաշեմին` անցած շաբաթավերջին իտալական Ակվիլա քաղաքում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների նախագահները համատեղ հայտարարությամբ հանդես եկան` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորելով կարգավորել ԼՂ հակամարտությունը:

Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի եռյակն իր հայտարարությունում նաեւ հրապարակեց ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց նախնական տարբերակը Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները Հայաստանին եւ Ադրբեջանին են ներկայացրել 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում (Մադրիդյան սկզբունքներ):

Թեեւ փորձագետները համոզված են, որ մոսկովյան բանակցությունների արդյունքում փաստաթուղթ չի ստորագրվի, այդուամենայնիվ, ակնկալում են, որ դրանք կարող են լուրջ առաջընթաց արձանագրել, քանի որ հենց այս բանակցությունների նախօրեին են պաշտոնապես հրապարակվել Մադրիդյան սկզբունքները, եւ, փաստորեն, մասամբ խախտվել է բանակցությունների գաղտնիության սկզբունքը, հետեւաբար` կարելի է ենթադրել, որ դրանք մեծամասամբ արդեն համաձայնեցված են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:

Չի բացառվում, որ մոսկովյան հանդիպումների ժամանակ հայկական կողմը բարձրացնի բանակցություններին ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտության հարցը:

Տեղեկացնենք նաեւ, որ շաբաթ օրը Մոսկվայում կանցկացվի Ռուսաստանի նախագահի մրցանակի համար ձիարշավի հերթական` 4-րդ մրցաշարը, որի ժամանակ սովորաբար հավաքվում են ԱՊՀ-ի նախագահները, եւ այն ստացել էր ԱՊՀ-ի ոչ ֆորմալ գագաթնաժողովի կարգավիճակ: Այս տարի Կրեմլում չեն խոսում ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին, քանի որ ԱՊՀ-ի երկրներից միայն մի քանիսի նախագահներն են համաձայնել մասնակցել հանդիպմանը. Մոսկվայում չեն լինի Ուկրաինայի, Ղրղըզստանի, Թուրքմենստանի եւ Բեռալուսի նախագահները: Փորձագետները սա որակում են Մոսկվայի լուրջ պարտություն ԱՊՀ-ի տարածաշրջանում: