Հայաստանի հանրապետական կուսակցությունը ապօրինի է համարել ԱԺ նախկին պատգամավոր, ներկայումս 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանին Սերժ Սարգսյանի կողմից ներում շնորհելու խնդրագիր-հայտարարությունը, որին միացել էին ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորներ:
Հայաստանի հանրապետական կուսակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ գործող օրենքների՝ նման լիազորություն չի նախատեսված: «ՀՀԿ խմբակցությունը առաջնորդվում է միայն ու միայն օրենքներով: Խմբակցության անդամներին բանավոր ներկայացրել են մի բան` փորձելով մարդասիրական մոտեցումներ ձևավորել: Այնպես որ, նույնիսկ եթե ստորագրել են, դա չի կարող վերաբերել առաջադրված տեքստին»,- նշեցին ՀՀԿ-ից:
Հիշեցնենք, որ ԱԺ 21 պատգամավորներ դիմել էին Սերժ Սարգսյանին՝ խնդրելով հաշվի առնել ազատամարտիկի առողջական ծանր վիճակն ու ներում շնորհել Սասուն ՄԻքայելյանին: Հայտարարությանը միացել էին հանրապետական պատգամավորներ Սեդրակ Սարոյանը, Արմեն Մխիթարյանը, Տաճատ Վարդապետյանը, Նահապետ Գեւորգյանը, Վարդան Այվազյանը, Մարտին Սարգսյանը, Վոլոդյա Բադալյանն ու Ռաֆիկ Գրիգորյանը:




























