Մարսելում օգոստոսի 30-ին՝ կիրակի գիշերը, տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով զոհվել է 20-ամյա մի տղամարդ, ևս չորս մարդ ստացել է հրազենային վնասվածքներ, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով հրշեջ-ծովայիններին և ոստիկանության աղբյուրին։
Պարբերականի տվյալներով, Մարսելի երրորդ շրջանում՝ Սեն-Շառլ կայարանից ոչ հեռու գտնվող Ամիեն փողոցում դեպքի վայրի մոտ կանգ է առել մոտոցիկլետով եկած երկու տղամարդ։ Ուղևորը կրակ է բացել հինգ հոգուց բաղկացած խմբի վրա։
Զոհվածը 20 տարեկան էր։ Տուժածներից մեկը՝ 18-ամյա երիտասարդը, ստացել է ծանր վնասվածքներ, նրա վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։ Մեկ այլ՝ 23-ամյա տղամարդ նույնպես ծանր է վիրավորվել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Երրորդ տուժածը, որը նույնպես 18 տարեկան է, գտնվում է միջին ծանրության վիճակում։ Չորրորդ անձը, որը, ենթադրաբար, կարող է անչափահաս լինել, հրաձգությունից հետո փախուստի է դիմել։
Քննիչները դիտարկում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հաշվեհարդարի վարկածը։




























