ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի հարավային հատվածում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս տասը՝ վիրավորվել, հայտնում է NBC News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ ուշ երեկոյան Վաշինգտոն Փարք շրջանում, հայտնել են ոստիկանությունից։
Մոտավորապես ժամը 23:30-ին ոստիկանները փորձում էին ցրել Հարավային Քոթեջ Գրով պողոտայում հավաքված մեծ բազմությունը, երբ հնչել են կրակոցներ։ Հրաձգության հետևանքով առնվազն 10 մարդ վիրավորվել է։
Զոհվածը 35-ամյա տղամարդ է եղել, որը ստացել էր մի քանի հրազենային վնասվածքներ։ Նա մահացել է դեպքի վայրում, հայտնել են Քուք շրջանի դատաբժշկական փորձաքննության գրասենյակից։
Տուժածներից վեցին տեղափոխել են հիվանդանոցներ։ Ոստիկանության տվյալներով, նրանց վիճակը գնահատվում է լավ։ Եվս երեք վիրավորներ՝ 37-ամյա կին, 23-ամյա կին և 35-ամյա տղամարդ, նույնպես հոսպիտալացվել են, սակայն նրանց վիճակի մասին տեղեկություն առայժմ չկա։
Ոստիկանները չեն տուժել։ Կասկածյալները դեռևս չեն ձերբակալվել, և քննությամբ զբաղվում է շրջանի դետեկտիվ բաժինը։


























