Օգոստոսի 30-ին, Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխված 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել, ով 1 օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասում գտնվող իրենց շենքի 3-րդ հարկի պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար վայր էր ընկել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերել, ապա սանավիացիայով տեղափոխել էին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 29-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխա։ Տեղի բժիշկները կարողացել էին անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերել երեխային, որից հետո Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը տեղափոխելու նպատակով սանավիացիայի կանչ էին գրանցել, և արդեն սանավիացիան ժամանել էր ու երեխային տեղափոխել էին Երևան։
Երեխան 2-ամյա Ն․ Ա․-ն էր, ով անզգուշաբար երրորդ հարկի պատուհանից վայր էր ընկել։





























