Թուրքիայի վարչապետի այցը Իտալիա հետաձգվել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի դեմ կատարված հարձակման պատճառով։ Թուրքական Haberler կայքէջի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ դեկտեմբերի 16-ի Իտալիա կատարելիք այցը հետաձգվում է։
NEWS.am-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 13-ին Միլանում կազմակերպված ցույցի ժամանակ հարձակման է ենթարկվել Սիլվիո Բեռլուսկոնին։
Ավելի ուշ պարզվել է, որ ջարդվել է 73-ամյա Բեռլուսկոնիի քիթը, վնասվել են երկու ատամները եւ շրթունքները։ Ներկայումս նա Միլանի հիվանդանոցներից մեկում է գտնվում։
Reuters-ի տվյալներով, ոստիկանությանը հաջողվել է բռնել հանցագործին։ Դա 42-ամյա միլանցի Մասսիմո Տարտալյան է, ով 10 տարի հոգեբույժի հսկողության տակ է գտնվել։ Նրան բուժող բժշկի խոսքով, սակայն, Տարտալյան վտանգ չէր ներկայացնում հասարակության համար, հայտնում են իտալական ԶԼՄ-ները։




























