Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում, 2026 թվականի օգոստոսի 14-ին և 17-ին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երեք անձանց՝ Աչաջուր համայնքի գյուղապետարանի վարչական շենքի տարածքում գտնվող՝ 103.5 քմ մակերեսով անշարժ գույքի և Աչաջուր համայնքի մշակույթի տան տարածքում գտնվող՝ 28.38 քմ և 21.28 քմ մակերեսով անշարժ գույքերի օտարման գործարքներն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջներով։
Գլխավոր դատախազությունից NEWS.am–ին հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով՝ Տավուշի մարզի դատախազության հայցադիմումներն ընդունվել են վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ՝ արգելելով վերոնշյալ անշարժ գույքերի սեփականության իրավունքի տնօրինումը, այդ թվում՝ փոխանցումը այլ անձի, օտարումը կամ գրավադրումը:





























