Դպրոցաշինության հարցում կոմպրոմիս չպետք է լինի որակի հարցում։ Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին Երևանի նորակառույց թիվ 139 դպրոցում իր ելույթի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր, օրինակ, մտանք քիմիայի լաբորատորիա, ծորակը բացեցինք և տեսանք, որ ծորակը լավ չի աշխատում։ Ինձ համար մեծագույն խնդիրը այն է, որ մենք այսպիսի հանդիսավորությամբ դպրոցը բացում ենք, հետո երեխեք գնան քիմիայի դասեր անելու, մեկ այդ ծորակը բացեն ու այդ ծորակը գմփա։ Իհարկե, շինարարությունը բարդ բան է, չի լինում, որ միանգամից ամեն ինչ կատարյալ լինի, եթե ինչ-որ թերություններ էլ կնկատվի, շատ կարևոր է, որ հարգելի տնօրենը, ուսուցիչները, աշակերտները չալանեն, արձանագրեն դա թղթի վրա, որովհետև դպրոցը մի տարի երաշխիքային սպասարկման ժամանակում է։

Այս կուլտուրանը մեզանում պետք է լինի, այդպես է սեփականության զգացումը ձևավորվում։ Մենք ուզում ենք, որ այս տարածքները լցվեն բովանդակությամբ՝ նկուղներից սկսած, որովհետև ստեղծագործելու, աշխատելու, կյանքը հասկանալու, քննարկելու և զարգանալու հարթակ է տրամադրված ձեզ, և ես համոզված եմ, որ այդ հարթակը կօգտագործեք։ Այսօր մեր երիտասարդությունից զգացվում է, որ գնալով մենք շատ մեծ պոտենցիալ ենք կուտակում և շատ կարևոր է, որ այդ պոտենցիալը օգտագործվի։

Շատ կարևոր է, որ ի դեմս այս դպրոցի և մյուս դպրոցների յուրաքանչյուր աշակերտ իր համար արձանագրի մի բան, որ իր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որևէ ջանք չի խնայում, որպեսզի իրենից կախված ամենը անի, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ, կյանքում լինի հաջողակ։ Ի՞նչ է նշանակում հաջողակ, նշանակում է սեփական աշխատանքով կարողանալ ապահովել սեփական բարեկեցությունը, իսկ դա իր հերթին նշանակում է պետության ավելի բարձր բարեկեցության մակարդակ, որովհետև յուրաքանչյուր ոք, ով ինքը իր համար բարեկեցություն է ստեղծում և օրինապահ քաղաքացի է, միանշանակ դրանից ավելի շատ շահում է պետությունը։

Մենք ուզում ենք, որ դուք լինեք հաջողակ, որովհետև ձեր հաջողակ լինելը նշանակում է հաջողակ պետություն, Հայաստանի Հանրապետություն»։