Կառավարության շենքի մոտ 4 մանկահասակ երեխաների հետ նստացույց իրականացնող ընտանիքին Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը ժամանակավոր կացարանով է ապահովել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ընտանիքի հայրը՝ Արմեն Եղոյանը։
«Երեկ ձեր նկարահանումից հետո մեզ մոտեցավ կոստյումով մի տղա և ասաց՝ ձեր հարցով կզբաղվեն։ Երկար սպասեցինք, արդեն ուշ էր, մութն ընկնում էր, երեխեքը Կառավարության շենքի մուտքի մոտ՝ գետնին, քնում էին, բայց դեռ մարդ չէր մոտեցել։ Ստիպված մի հատ տեղ ճարեցի՝ «հավաբուն», 10 հազար դրամ էլ փող տվեցի, որ երեխեքը փողոցում չքնեն․ արդեն երեխեքեին բերել էինք, որ լվացվեին, քնեին, Սոցապից զանգեցին, աշխատողները 2 մեքենայով եկան, ասացին՝ մեզ համար Մարալիկում տուն են ճարել, որ ժամանակավոր մնանք, մինչև մեր հարցը լուծեն՝ ուրիշ բնակարանով ապահովեն, քանի որ սա շատ փոքր է, 1 սենյակ է ու շատ փոքր, նաև դպրոց չկա։ Իրենք ասացին՝ մի քանի օր կմնաք այստեղ, ձեր հարցերը կլուծենք։ Ասացին՝ վարձ չեք տալու, միայն կոմունալ ն եք վճարելու, մենք էլ, որ սոցիալապես անապահով ընտանիք ենք, կոմունալը կզեղչվի»,- նշեց Արմենը, ապա հավելեց, որ նախարարության աշխատակիցներին խնդրել է՝ հնարավորության դեպքում Երևանում կամ մայրաքաղաքին մոտ բնակավայրերից մեկում կացարանով ապահովեն։
«Ես իրենց ասել եմ, եթե հնարավոր է Երևանին մոտ տուն լինի, քանի որ միայն ես եմ աշխատում, 4 մանկահասակ երեխա ուեննք, փոքրը՝ 2 ամսական։ Ես պետք է աշխատեմ, մի քիչ մոտ լինեմ Երևանին, որ աշխատեմ։ Մարալիկից 2 ժամ պետք է գամ Երևան, հետո 2 ժամ էլ հետ գամ։ Ես շինարարության մեջ ամեն ինչ կաողանում եմ անեմ, եթե մարզում աշխատանք լինի, ես այստեղ էլ կաշխատեմ, իմ համար Երևանում լինելը նպատակ չէ, պարզպաես իմ գլխին տանիք լինի ու աշխատանք, որ աշխատեմ, երեխաներիս պահեմ»,- նշեց ընտանիքի հայրը։
Աշխատանքի և բարեկեցության նախարարությունից էլ NEWS.am-ին հայտնեցին՝ Միասնական սոցիալական ծառայության աջակցությամբ և ջանքերով է ընտանիքը տեղափոխվել «Օթևան» ՊՈԱԿ-ի Մարալիկի սոցբնակարան։
Էս երկրից պետք է փախնել. քաղաքացին 4 երեխաների հետ փողոցում է հայտնվել





























