ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի նկատմամբ տնտեսական ճնշման շրջանակում ավիաընկերությունների, ծովային ոլորտի և թվային ակտիվների շուկայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Հյուսիսային Կարոլինայում «Մեծ քսանյակի» հանդիպումից հետո Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Բեսենթը նաև նախազգուշացրել է Թեհրանին աջակցություն ցուցաբերող երկրներին և ընկերություններին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իրանին աջակցող հայտարարության ֆոնին։

«Իմ ուղերձը բոլորին մեկն է՝ հեռու մնալ։ Մենք բոլորս ուզում ենք, որ այս հակամարտությունն ավարտվի, և դրան հասնելու ամենաարագ ճանապարհն այն է, որ ոչ ոք աջակցություն չցուցաբերի այս ռեժիմին», — ասել է Բեսենթը։

Նրա խոսքով՝ ամերիկյան վարչակազմը «բովանդակային բանակցություններ» է վարում բոլոր նրանց հետ, ովքեր աջակցություն են ցուցաբերում Իրանին։

Նախօրեին Բեսենթը հայտարարել էր, որ նոր սահմանափակումների տակ կարող են հայտնվել նաև ինքնաթիռների լիզինգով զբաղվող ընկերությունները։ Բացի այդ, նա չի բացառել, որ արդեն այս շաբաթ կարող են սահմանվել լրացուցիչ պատժամիջոցներ իրանական բանկերի դեմ։

Այսպիսով, Վաշինգտոնը դիտարկում է պատժամիջոցային ճնշման ընդլայնման հնարավորությունը ոչ միայն անմիջապես Իրանի, այլև այն ընկերությունների և ոլորտների նկատմամբ, որոնք կարող են ապահովել նրա տնտեսական կապերը արտաքին աշխարհի հետ։