ԱՄՆ Պետդեպարտամենտն առաջարկել է պարտադրել ծնողներին երեխաների համար ամերիկյան անձնագիր հայցելիս ներկայացնել իրենց քաղաքացիությունը կամ ներգաղթային կարգավիճակը հաստատող փաստաթղթեր։ Այս միջոցը նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակմանն ուղղված նոր հրամանագրի կիրարկման մասն է, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով համապատասխան հրահանգների նախագծին։
Փաստաթղթի համաձայն՝ երեխայի անձնագրի ձևակերպման ժամանակ ծնողները կամ օրինական խնամակալները ստիպված կլինեն ներկայացնել իրենց կարգավիճակի հաստատումը, օրինակ՝ ԱՄՆ գործող անձնագիր կամ ծննդյան վկայական, I-94 ձևաթուղթ կամ մշտական բնակչի քարտ։
Այս տվյալները Պետդեպարտամենտը մտադիր է օգտագործել պարզելու համար, թե արդյոք երեխան ընկնում է Թրամփի հրամանագրի ազդեցության տակ և ունի արդյոք ամերիկյան քաղաքացիության իրավունք։
Հրահանգների նախագիծը առաջին մանրամասն փաստաթուղթն է, որը ցույց է տալիս, թե ինչպես է Պետդեպարտամենտը նախատեսում կյանքի կոչել Թրամփի՝ օգոստոսի 6-ի հրամանագիրը, որն ուղղված է նաև այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմի» դեմ, երբ օտարերկրացի կանայք ԱՄՆ են ժամանում ծննդաբերելու և երեխայի համար ամերիկյան քաղաքացիություն ապահովելու համար։
Ներկայումս ԱՄՆ-ում ծնված երեխաների ծնողներին անձնագիր ձևակերպելիս բավական է միայն հաստատել երեխայի հետ ազգակցական կապն ու ներկայացնել լուսանկարով անձնագիրը։ Նրանցից պահանջվում է նաև հայտում նշել՝ հանդիսանում են արդյոք ԱՄՆ քաղաքացի, սակայն հաստատող փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Նոր հրամանագրի համաձայն՝ ծննդյան իրավունքով քաղաքացիություն կարող է չտրամադրվել, եթե ծնողներից մեկն ԱՄՆ-ում աշխատում է օտարերկրյա կառավարության համար, ներգրավված է քաղաքացիություն ստանալու նպատակով իրականացվող զեղծարարական սխեմայում կամ առևտրային գործարքում, կամ ունի «թշնամի օտարերկրացու» կարգավիճակ։
Ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակումը Թրամփի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններից է։ Գործող կանոնները փոխելու նրա նախորդ փորձն ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից ճանաչվել էր ապօրինի։ Դատարանը վճռել էր, որ համապատասխան հրամանագիրը խախտում է ԱՄՆ Սահմանադրության 14-րդ փոփոխության՝ քաղաքացիության մասին դրույթը։
Նոր հրամանագիրը նույնպես կարող է արգելափակվել դատարանների կողմից։ Այն մանուկների շահերը ներկայացնող փաստաբանները, որոնց կարող է մերժվել քաղաքացիության տրամադրումը, արդեն իսկ կոլեկտիվ հայցեր են ներկայացրել դաշնային երկու դատարան։
Գործերից մեկով դատավոր Դեբորա Բորդմանը, ում նշանակել էր նախկին նախագահ Ջո Բայդենը, կասկած է հայտնել նոր հրամանագրի օրինականության վերաբերյալ և հայցվորներին թույլատրել է փոփոխել հայցը՝ դրա արգելափակման հարցը քննարկելու համար։ ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ դատական արգելքը վաղաժամ կլիներ, քանի որ դաշնային գերատեսչությունները դեռևս չեն հրապարակել հրամանագրի կիրարկման պաշտոնական հրահանգները։





























