Մալթայում երդվյալ ատենակալների դատարանը չորեքշաբթի օրն արդարացրել է գործարար Յորգեն Ֆենեկին, ում մեղադրում էին 2017 թվականին հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանությունը կազմակերպելու մեջ, հայտնում է Associated Press-ը:
Ֆենեկը՝ Մալթայի ամենահայտնի գործարարներից մեկը, վերջինն էր լրագրողի սպանության գործով պատասխանատվության ենթարկված վեց անձանցից: 2021 թվականին նրան մեղադրանք էր առաջադրվել հանցակցության և հանցավոր դավադրության հոդվածներով: Քննությունը նրան դիտարկում էր որպես սպանության կազմակերպիչ: Ֆենեկը չէր ընդունել իր մեղքը: Երդվյալ ատենակալները նրան անմեղ են ճանաչել երկու մեղադրանքներով:
Դաֆնե Կարուանա Գալիցիան զոհվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին՝ 53 տարեկան հասակում: Նրա ավտոմեքենան պայթեցվել էր լրագրողի տան մոտակայքում տեղադրված ռումբի միջոցով:
Սպանությունը լայն հասարակական արձագանք էր առաջացրել Եվրոպայում, հանգեցրել զանգվածային բողոքի ցույցերի և ի վերջո առաջացրել քաղաքական ճգնաժամ, որն ավարտվել էր Մալթայի այն ժամանակվա վարչապետ Ջոզեֆ Մուսկատի հրաժարականով: Գործը նաև ուշադրություն էր հրավիրել կղզու իշխանության վերին օղակներում տիրող անպաժելիության և կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներին:
Կարուանա Գալիցիան հետաքննություններ էր հրապարակում Մուսկատի շրջապատի ներկայացուցիչների վերաբերյալ՝ մեղադրելով նրանց, մասնավորապես, օֆշորային ընկերություններ ունենալու մեջ, որոնց մասին տեղեկությունները հայտնվել էին «Panama Papers»-ի արտահոսքում: Լրագրողի հետաքննություններում որպես ֆիգուրանտ է եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը:
Լրագրողը քննադատում էր նաև Մալթայի ընդդիմության և բիզնես շրջանակների ներկայացուցիչներին: Մահվան պահին նրա դեմ զրպարտության վերաբերյալ ավելի քան 40 հայց էր ներկայացված:
Անկախ հետաքննությունը, որն ավարտվել էր 2021 թվականին, հանգել էր այն եզրակացության, որ Մալթայի պետությունը պետք է պատասխանատվություն կրի լրագրողի սպանության համար՝ իշխանության վերին օղակներում ձևավորված «անպաժելիության մշակույթի» պատճառով:
Ֆենեկը դարձավ սպանության գործով դատարանին հանձնված վերջին մեղադրյալը: Նիստերն անցկացվել են առանց տեսախցիկների մասնակցության, ինչը համապատասխանեցված է Մալթայում քրեական գործերի քննության սովորական պրակտիկային:





























