Ուկրաինան սկսել է Մոսկվայի օդանավակայանների աշխատանքի արգելափակման գործողություն՝ հազարավոր անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ Այդ մասին The Atlantic-ի լրագրող Սայմոն Շուստերին հայտնել է Կիևում գտնվող աղբյուրը։ Նրա խոսքով՝ գործողության մեկնարկը դարձել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը Ռուսաստանի վրայի օդային տարածքի վտանգավորության մասին։
Դեռ օգոստոսին The Atlantic-ի զրուցակիցները հայտնել էին, որ Կիևում մշակվել է Մոսկվայի ավիացիոն հանգույցի դեմ լայնածավալ հարձակման ծրագիր։ Գործողությունը, որը ստացել էր M&Ms ծածկանունը, նախապատրաստում էր Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆյոդորովը։ Դրա շրջանակում նախատեսվում էր ամեն գիշեր արձակել մինչև 1 հազար արհեստական բանականությամբ (ԱԲ) և տեղանքի քարտեզով հագեցած դրոններ, որպեսզի ծանրաբեռնվեն հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը, անհնար դառնա Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը և հասնեն նրան, որ օտարերկրյա ավիաընկերությունները հրաժարվեն Ռուսաստանում թռիչքներ իրականացնելուց։ Այդ կերպ Կիևում հույս ունեին Վլադիմիր Պուտինին ստիպել վերադառնալ պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցություններին։
The Atlantic-ի աղբյուրները նշում էին, որ ծրագիրը ներկայացվել է Զելենսկուն 2026 թվականի սկզբին։ Այդ ժամանակ նա մտահոգություն էր հայտնել քաղաքացիական ինքնաթիռների խոցման, ուղևորների և օդանավակայանների աշխատակիցների շրջանում զոհերի ռիսկի կապակցությամբ։ Սակայն Ուկրաինայի նախագահը թույլատրել էր շարունակել գործողության նախապատրաստումը՝ ռուսական իշխանությունների և էլիտաների վրա ճնշման լծակ ստանալու համար, որոնց համար ավելի դժվար կլիներ մեկնել արտասահման։ Ծրագրի կազմակերպիչները նաև առաջարկել էին Զելենսկուն նախազգուշացնել քաղաքացիական ավիաընկերություններին՝ խուսափելու մոսկովյան օդանավակայաններից։
Սեպտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահը հրապարակայնորեն նախազգուշացրել էր օտարերկրյա ավիափոխադրողներին և ապահովագրողներին Ռուսաստանի օդային տարածքի վտանգավորության մասին։ Դրանից հետո Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հայտնել էր, որ Կիևը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ԻԿԱՕ) է ուղարկել ռուսական երկնքի վտանգավորության մասին ծանուցում։ Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «քաղաքացիական օդային նավերի վրա հարձակումների սպառնալիքները» «պետական ահաբեկչության դրսևորում են» և «բարդացնում են երկկողմ խաղաղ բանակցությունների անցկացման հնարավորությունները»։
Միևնույն ժամանակ, Զելենսկու հայտարարությունից հետո Մոսկվայի օդանավակայանները սկսել են սահմանափակել աշխատանքը։ Միայն սեպտեմբերի 2-ի գիշերը, Flightradar24-ի տվյալներով, Շերեմետևո օդանավակայանում չեղարկվել է 21 չվերթ և հետաձգվել՝ 235-ը, իսկ Վնուկովոյում՝ չեղարկվել 22-ը և հետաձգվել 94 չվերթ։ Սեպտեմբերի 3-ի գիշերը մոսկովյան ավիացիոն հանգույցը կրկին փաստացի կաթվածահար էր եղել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով՝ սեպտեմբերի 2-ի երեկոյից մինչև սեպտեմբերի 3-ի առավոտ մայրաքաղաքին մոտենալիս խոցվել էր 103 դրոն։




























