ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան պատրաստել են բանաձևի նախագիծ, որը, ընդունվելու դեպքում, կարող է հանգեցնել Իրանի կողմից միջուկային պարտավորությունների խախտման հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ փոխանցելուն։ Այս մասին դիվանագետները հայտնել են Associated Press գործակալությանը։

Փաստաթուղթը կարող է ներկայացվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) Կառավարիչների խորհրդի քննարկմանը, սակայն առայժմ պաշտոնապես չի ներկայացվել։ Դրա բովանդակության շուրջ բանակցությունները շարունակվում են, ուստի տեքստը դեռ կարող է փոփոխվել։

Խոսքը վերաբերում է Իրանի կողմից Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Դրանց համաձայն, Թեհրանը պարտավոր է հայտարարագրել բոլոր միջուկային նյութերն ու գործունեության տեսակները և ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին հնարավորություն տալ ստուգելու, որ դրանք չեն օգտագործվում ռազմական նպատակներով։

Բանաձևի նախագծում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին առաջարկվում է այս փաստաթուղթը, ինչպես նաև նախկինում ընդունված բանաձևերը, ՄԱԳԱՏԷ-ի կանոնադրության համապատասխան դրույթների համաձայն, ուղարկել գործակալության բոլոր անդամ պետություններին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Գլխավոր ասամբլեային։

Դիվանագետները նշել են, որ փաստաթուղթը դեռ համաձայնեցման փուլում է և առայժմ պաշտոնապես չի ներկայացվել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի քննարկմանը։ Դրա դրույթները կարող են ճշգրտվել՝ հաշվի առնելով խորհրդի մյուս անդամների առաջարկությունները։