Հայաստանի իշխանություններն արդեն գիտակցել են, թե ուր են խրվել՝ Թուրքիայի հետ կարգավորման գործընթաց նախաձեռնելով, եւ այժմ գլխավորն է՝ դուրս գալ այդ վիճակից նվազագույն կորուստներով, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:

«Իսկ այդ վիճակից նվազագույն կորսուտներով դուրս գալ հնարավոր է միայն դադարեցնելով երկխոսությունը Թուրքիայի հետ: Դրա համար պետք չէ միջազգային համաձայնագրերի վավերացման, ստորագրման կամ չեղյալ հայտարարման համար օրենսդրական փոփոխություններ անել, դրա համար միայն պետք է Սահմանադրական դատարանի որոշումը՝ արձանագրությունների Հիմնական օրենքին չհամապատասխանելու մասին»,- նշեց Մինասյանը:

Պատգամավորը վտանգավոր համարեց նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերջերս արած հայտարարությունը, թե Թուրքիայի խորհրդարանի կողմից վավերացումը մերժելու դեպքում դժվար է խուսափել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից: «Ստացվում է, որ վավերացման դեպքում ԱՄՆ չի ճանաչի ցեղասպանությունը: Իսկ դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ ՀՅԴ-ն ճիշտ էր, երբ հայտարարում էր, որ հայ-թուրքական արձանագրությունները խոչընդոտ են դառնալու Հայոց ցեղասպանության ճանաչման համար»,- ամփոփեց Մինասյանը: