Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Ստամբուլում Բոսֆորի վրայով անցնող երկու կամուրջների, ութ ավտոմայրուղիների և երկու օղակաձև ճանապարհների շահագործման իրավունքը 30 տարի ժամկետով մասնավոր ընկերություններին փոխանցելու ծրագրին, հայտնում է Turkish Minute-ը։

Միևնույն ժամանակ պետությունը կպահպանի ենթակառուցվածքի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ մասնավոր օպերատորները կկարողանան եկամուտ ստանալ վճարովի երթևեկությունից։

Համապատասխան հրամանագիրը շաբաթ օրը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում։ Մասնավորեցումը կարող է իրականացվել ինչպես մեկ միասնական փաթեթով, այնպես էլ օբյեկտների առանձին խմբերով՝ շահագործման իրավունքի փոխանցման, վարձակալության, եկամուտների բաշխման համաձայնագրերի կամ այդ մեխանիզմների համակցման միջոցով։ Բոլոր գործարքները պետք է ավարտվեն մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ներկայումս երկու կամուրջներից յուրաքանչյուրով մեկ ուղղությամբ թեթև ավտոմեքենայի անցման արժեքը կազմում է 59 լիրա (1,20 դոլար)։ Թուրքիայի ավտոճանապարհների գլխավոր վարչության տվյալներով, 2024 թվականին կամուրջներից օրական օգտվել է շուրջ 430 հազար ավտոմեքենա։

Թուրքիայի ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ մասնավորեցումն ինքնին չի նշանակում անվճար ճանապարհների վրա վճարի սահմանում կամ գործող սակագների բարձրացում։ Գերատեսչությունը նաև հերքել է քննադատների գնահատականները, որոնց համաձայն այդ օբյեկտներից տարեկան շահույթը կազմում է 600 մլն դոլար. նախարարության տվյալներով, դա հասույթի ծավալն է, որից մոտ 300 մլն դոլար ուղղվում է պահպանմանը, վերանորոգմանը և ներդրումներին՝ չհաշված անձնակազմի և շահագործման ծախսերը։

Ընդդիմությունը քննադատել է որոշումը։ Պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազն այն անվանել է «Թուրքիայի ապագայի վաճառք», իսկ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ ճանապարհները մասնավորներին փոխանցելուց հետո սակագները կարող են հնգապատկվել, իսկ կամուրջներով անցման արժեքը՝ կրկնապատկվել։

Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը EY-ին և BTY Group-ին ներգրավել էր որպես մասնավորեցման ֆինանսական և տեխնիկական խորհրդատուներ։ Հնարավոր ներդրողների փնտրում էին նաև արտասահմանյան ավտոմայրուղիների օպերատորների շրջանում։

Այս օբյեկտները մասնավորեցնելու փորձ արվել էր դեռևս 2012 թվականին։ Այն ժամանակ կամուրջների և մոտ 2 հազար կմ ավտոմայրուղիների համար առաջարկվել էր 5,72 մլրդ դոլար, սակայն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Էրդողանը մերժել էր առաջարկը և հայտարարել, որ 7 մլրդ դոլարից պակաս գործարքը «դավաճանություն» կլինի։