2023-ից 2025 թվականներին շուրջ 1,37 հազար բժիշկ առնվազն մեկ տարի անցկացրել է Իսրայելի սահմաններից դուրս, հայտնում է The Times of Israel-ը։

Սա 94%-ով ավելի է, քան տասնամյակ առաջ նույն ժամանակահատվածում, հետևում է Թել Ավիվի համալսարանի նոր հետազոտությունից, որը հիմնված է Իսրայելի Կենտրոնական վիճակագրական բյուրոյի տվյալների վրա։

2023 թվականին երկրից առնվազն մեկ տարով հեռացել է 416 բժիշկ, 2024-ին՝ 530, իսկ 2025 թվականի նախնական գնահատականը կազմում է շուրջ 419 մասնագետ։ Համեմատության համար՝ 2013–2015 թվականներին արտերկիր նման ժամկետով մեկնել էր 705 բժիշկ։

Աճ արձանագրվել է գրեթե բոլոր բժշկական մասնագիտություններում։ Հատկապես նկատելի էր այն մանկաբույժների, ակնաբույժների, մաշկաբանների և վիրաբույժների շրջանում։ Միևնույն ժամանակ, հեռացածների թվում աճել է փորձառու մասնագետների բաժինը․ 2023–2025 թվականներին 45 և ավելի տարեկան բժիշկները կազմել են երկիրը լքածների մոտ 20%-ը՝ տասնամյակ առաջվա 14%-ի դիմաց։

Հետազոտողները նշում են, որ արտերկրում մեկ տարվա գտնվելը պարտադիր չէ, որ նշանակի վերջնական արտագաղթ․ բժիշկների մի մասը մեկնում է վերապատրաստման, ուսման կամ հետազոտական ծրագրերի համար։ Սակայն որոշ դեպքերում ժամանակավոր մեկնումը ավարտվում է վերջնական տեղափոխությամբ։

Հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ այս միտման շարունակությունը կարող է հանգեցնել բժշկական օգնության որակի և նոր մասնագետների պատրաստման մակարդակի վատթարացման։ Պրոֆեսոր Իթայ Աթերի կարծքով, գրեթե 1,4 հազար բժիշկների հեռանալը կարող է հանգեցնել բուժման սպասման ժամկետների երկարացման և բժշկական օգնության արդյունավետության նվազման։