Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փորձել է «բացատրել», թե ինչու է իշխող ուժը տարբեր կերպ արձագանքում հասարակական նախաձեռնություններին․ մի դեպքում դրանք գնահատելով որպես կատարման ենթակա հասարակական պահանջ, իսկ մյուս դեպքում՝ որպես սխալ։
Այսպես, հասարակական կազմակերպությունների՝ Հայաստանի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենք ընդունելու նախաձեռնությունը խորհրդարանական մեծամասնության կողմից գրեթե միաձայն աջակցություն ստացավ, մինչդեռ Արցախի վերաբերյալ «ՀայաՔվե» հասարակական շարժման նախաձեռնությունը կտրականապես մերժվեց։ Մեկնաբանելով տեղի ունեցածի պատճառները՝ Հակոբյանը հայտարարեց, որ անտեղի է համարում «ՀայաՔվե» նախաձեռնությունը համեմատել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև ընտրության հարցի հետ։
«Մենք ասում ենք, որ Եվրամիությունը լավագույն տեղն է, բայց չենք ասում, որ Ղարաբաղի հարցը այն ճանապարհով լուծելը, որն առաջարկվում էր, լավագույն լուծումն է», — ասաց պատգամավորը։ Նրա խոսքով՝ իշխանությունները վաղուց էին քաղաքացիներին բացատրում, թե, իրենց կարծիքով, ինչի կհանգեցնի «ղարաբաղյան էջը» բաց պահելը։ «Մենք վաղուց հայտարարում և մեր քաղաքացիներին բացատրում էինք, թե ինչի կհանգեցնի ղարաբաղյան էջը, ինչի կհանգեցնի այն, որ ղարաբաղյան էջը չի փակվի։ Մենք իշխանություն ենք, որպեսզի նաև որոշումներ կայացնելու հնարավորություն ունենանք», — հայտարարել է Հակոբյանը։
Նա ընդգծել է, որ քաղաքացիները իշխանությանը պատվիրակել են որոշումներ ընդունելու լիազորություն, այդ թվում՝ ամենաբարդ քաղաքական հարցերի շուրջ։ «Ի վերջո, քվեարկությունը կամ հարցը քվեարկության դնելը միևնույն է մեծամասնության որոշում է, և քաղաքացիները մեզ լիազորություններ են պատվիրակել, որպեսզի մենք ճիշտ որոշումներ կայացնենք՝ հարցնելով քաղաքացիներին», — ասել է պատգամավորը։ Միևնույն ժամանակ Հակոբյանը հայտարարել է, որ եթե քաղաքացիների մեծամասնությունը ճիշտ համարեր ղարաբաղյան էջը բաց թողնելը, ներկայիս իշխանությունը ընտրություններում մանդատ չէր ստանա։
«Եթե մեր քաղաքացիների մեծամասնությունը մտածեր, որ ճիշտ է ղարաբաղյան էջը բաց թողնել, մենք ընտրված չէինք լինի։ Որովհետև ոչ թե ընտրություններից մեկ ամիս առաջ և ոչ էլ ընտրություններից մեկ շաբաթ առաջ ենք ասել, թե ինչպես ենք պատկերացնում այս հարցը», — նշել է նա։ Հստակեցնող հարցին, թե արդյոք հենց այս մոտեցումն էր պատճառներից մեկը, որի շնորհիվ իշխանությունը մանդատ ստացավ, Հակոբյանը դրական պատասխան է տվել, թեև ընդգծել է, որ դա միակ պատճառը չէր։ «Դա էլ ի թիվս այլնի։ Տարբեր բաների համար, բայց ես վստահ եմ, որ դա հասարակության մեջ այն գլխավոր հարցն էր, որի հիման վրա նաև մեր շատ քաղաքացիներ կողմնորոշվեցին», — ասել է նա։ Պատգամավորի խոսքով՝ քաղաքացիների համար գլխավոր առաջնահերթությունը խաղաղությունն էր։ Միաժամանակ Հակոբյանը պնդում է, որ հասարակությունը խաղաղության հասնելը կապում է հակամարտության փակման հետ։
«Ուստի հիմա զուգահեռներ անցկացնել այս երկու հանրաքվեների, այս նախաձեռնությունների միջև, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ», — եզրափակել է նա։





























