Ինչի դուք չգիտեի՞ք, որ Հայաստան պետք է սպասի, մենք հայտարարել ենք մեր վերջնաժամկետը՝ մոտավոր 29 թվականը, որի գործողությունների ծրագիրը արդեն կա և Եվրամիության հետ պայմանավորվածությունը այն է, որ գործողությունների ծրագիրը ամբողջ ծավալով պետք է իրականացվի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ Եվրամիությունը  նախօրեինհայտարարեց, որ վիզաների ազատականացման հետ կապված Հայաստանը դեռևս պետք է սպասի, մինչդեռ ՀՀ իշխանությունը վստահեցնում էր, որ առաջիկա տարիներին այդ գործընթացը կարող է իր ավարտին հասնել։

«Եթե մենք մինչև 29-ը չհասցնենք գործողությունների ծրագիրը ամբողջ ծավալով իրականացնել, իրենք ճիշտ կլինեն, այդ ժամկետը շատ մոտավորապես է, կարող է 2030–ին  լինի, կարող է 2028-ին լինի, որովհետև շատ ընթացակարգային, տեխնիկական հարցեր կան, որոնք պետք է լուծենք։ Գիտեք, բիոմետրիկ անձնագրերի հարցը այս աշնանը կլուծվի, հաջորդիվ այլ տեխնիկական ընթացակարգային հարցեր կան ներառյալ մարդու իրավունքների ոլորտում հարցերը, որոնք նույնպես ներառված են այդ մեծ փաստաթղթի մեջ։ Հերթով լուծելով գնում ենք»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ԵՄ–ի կողմից այդ հայտարարությունը կապված է նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանը Բիշկեկում հայտարարեց, որ հանրաքվե կարող էինք անել, բայց չարեցինք և օրենքը ընդամենը ընդունեցինք, Ղազարյանը պատասխանեց. «Ո՛չ, չի կարող վիզաների ազատականացումը որևէ քաղաքական հայտարարության հետ կապված լինել, այստեղ տեխնիկական պարամետրերի մասին է խոսակցությունը, քաղաքական որոշումը արդեն կայացվել է, երբ որ որոշվել է վիզաների ազատականացման կապակցությամբ երկխոսության մեկնարկ սկսել, և եթե տեխնիկապես կառավարությունը բավարարի բոլոր պահանջները, գործողությունների ծրագիրը ամբողջությամբ անի, այդտեղ ոչ մի քաղաքական կոմպոնենտ չի կարող լինել, նույնիսկ եթե իշխանություն փոխվի և տարբերվող դիրքորոշումներ ունենա այս հարցում։

Եթե, օրինակ, իշխանությունը փոխվի և գործողությունների ծրագիրը չիրականացվի, պարզ է՝ այդ դեպքում չէ ազատականացվի։ Բայց եթե արդեն ազատականացված լինի, իշխանություն փոխվի, որը կանի հակաեվրոպական հայտարարություններ, այդ հայտարարությունների վերաբերյալ սանկցիաները ավանդաբար ԵՄ–ն կիրառում է միայն տվյալ անձի քաղաքական գործիչի նկատմամբ, ոչ թե ամբողջ պետության բոլոր քաղաքացիների։

ԵՄ–ի աշխատանքային ոճը այնպիսին չէ, ինչպիսին որոշ երկրների, որոնց հետ մենք սովոր ենք աշխատել։ Մեր նկատմամբ ապրանքների սահմանափակումը, նույնիսկ ռուսամետ հայացքներ ունեցող «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ասում է, որ դա քաղաքական որոշում է, ոչ թե տեխնիկական»,–ասաց նա։

Անդրադառնալով ԵՄ անդամակցության գործընթացի մեկնրակի մասին ընդունված օրենքին, ՔՊ–ական պատգամավորն ասաց, որ դա չի հակասում ԵԱՏՄ որևէ փաստաթղթի. «Մենք օրենքն ընդունելուց առաջ ենք սա ստուգել ենք։ Մենք մեր պարտավորությունները, ընթացակարգերը պահում ենք։ Պետք չի հորինել բաներ, որոնք չկան։

Մենք իհարկե հանրաքվե կանենք, մենք շնորհակալ ենք նաև նրա համար, որ մեզ խթանում են մեր ԵԱՏՄ գործընկերները, բայց դրա համար ընթացակարգեր կան, որ պիտի անցնենք և հասնենք հանրաքվեի փուլին։ Մենք իհարկե կարագացնենք մեր գործողությունները, բայց ինձ թվում է՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման օրվանից ի վեր, այդ որոշումը արդեն իսկ Հայաստան կայացրած կլինի։ Մենք հենց այդպես էլ անում ենք։  Դա չի կարող այս տարի լինել, եթե վիզաների ազատականացումը 29 թվականին է»։

Ինչ վերաբերում է նրան, որ որոշ ռուս պաշտոնյաներ ասում են, որ Հայաստանը օգտվում է ԵԱՏՄ առավելություններից, բայց ուզում է ԵՄ անդամ դառնալ, Թագուհի Ղազարյանը նկատեց, որ ԵԱՏՄ–ն բարեգործական կառույց չէ և այնտեղ բոլորն են փոխադարձ օգտվում միմյանց տնտեսական առավելություններից. «ԵԱՏՄ-ն կշարունակի Հայաստանից օգտվել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի որոշել դադարեցնել անդամակցությունը»։