Վրաստանը խստորեն կպահպանի ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Իրանի նկատմամբ՝ այդ երկրի հետ ավիահաղորդակցության կարգավորման ժամանակ։ Դրա մասին ասվում է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալության պաշտոնական հաղորդագրության մեջ, հաղորդում է Грузия Online.

Գերատեսչությունում նշել են, որ ԱՄՆ Պետքարտուղարության հրապարակած ընդլայնված պատժամիջոցների ցանկում ներառված են այն ավիաընկերությունները, որոնք ներկայում Վրաստանի և Իրանի միջև ավիահաղորդակցություն են իրականացնում։

Դրա հետ կապված վրացական կողմը մտադիր է գործել միջազգային պատժամիջոցների ռեժիմին համապատասխան։

Քաղաքացիական ավիացիայի գործակալությունում ընդգծել են, որ Վրաստանը պահպանում է միջազգային գործընկերների, ներառյալ ԱՄՆ-ի և Եվրամիության, սահմանած պատժամիջոցները։ Օտարերկրյա ավիաընկերություններին վրացական շուկա մուտք թույլատրելիս երկիրը ղեկավարվում է ազգային օրենսդրությամբ, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներով, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ միջազգային համաձայնագրերով։

Բացի դրանից, Վրաստանը որպես վերահսկողության լրացուցիչ մեխանիզմ հաշվի է առնում ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության (OFAC) պատժամիջոցների ցուցակները, ներառյալ հատուկ կատեգորիաների և արգելափակված անձանց ցանկը (SDN List)։

«Համապատասխանաբար, այդ մեխանիզմի շրջանակում Վրաստանը նախկինում ևս սահմանափակել էր մի շարք ավիափոխադրողների գործունեությունը»- ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հավաստիացրել է, որ Թբիլիսին այսուհետ ևս կապահովի միջազգային պահանջների պահպանումը և ավիահաղորդակցության կարգավորման ժամանակ, ներառյալ՝ Վրաստանի և Իրանի միջև, հաշվի կառնի ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցային մեխանիզմները։